Հայաստանի և Խորհրդային Միության քաջարի զավակը. Գրիգորի Հայրապետյան

30 Ապրիլի 2025, 23:43

Հայեր

Գրիգորի Հայրապետյանը խորհրդային սպա, փոխգնդապետ, երեք պատերազմների մասնակից, Խորհրդային Միության հերոս և Մեծ հայրենականի վետերան է:

Հայրապետյանը ծնվել է 1914թ.-ի օգոստոսի 22-ին Ռուսաստանի կայսրության Ելիզավետպոլի նահանգի Արցախի Քմքաձոր գյուղում: Յոթամյա դպրոցում սովորելուց հետո աշխատել է կոլտնտեսությունում, 1936թ. զորակոչվել բանակ և զուգահեռաբար ավարտել կրտսեր լեյտենանտների դասընթացները: Արդեն 1939 թվականին Գրիգորի Հայրապետյանը մասնակցել է ազատագրական արշավին դեպի Արևմտյան Ուկրաինա։

Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ կրտսեր լեյտենանտ Հայրապետյանը ղեկավարել է 756-րդ հրաձգային գնդի գրոհային խումբը։ 1940 թվականի փետրվարի 11-ին կատաղի մարտում նրա ջոկատն առաջինն էր, որ ճեղքեց Մաներհայմի գիծը և գրավեց թշնամու դիրքերը։ Ձեռնամարտի ժամանակ Հայրապետյանն անձամբ ոչնչացրել է ավելի քան 20 ֆինն զինվորների ու սպաների։ Ցուցաբերած խիզախության և հերոսության համար Գրիգորի Հայրապետյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Գրիգորին շարունակել է ծառայությունը, վիրավորվել Լենինգրադի պաշտպանության ժամանակ, իսկ առողջությունը վերականգնելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ: Կռվել է Կովկասի համար և ղեկավարել լեռնահրաձգային գումարտակը, ավելի ուշ կռվել է Կուբանում։

1943 թվականին Հայրապետյանը դարձել է 409-րդ հայկական դիվիզիայի 814-րդ հրաձգային գնդի գումարտակի կապիտան և հրամանատար։ Նա իրեն դրսևորել է որպես համարձակ և հմուտ հրամանատար Ուկրաինայի, Մոլդովայի և Ռումինիայի ազատագրման ժամանակ։ 1944 թվականին Գրիգորի Հայրապետյանն ուղարկվել է սովորելու Մոսկվայի «Կրակոց կուրսերում։ Պատերազմից հետո ծառայել է որպես տեսուչ և գնդի հրամանատարի տեղակալ, հեռակա ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

50-ական թվականներից Հայրապետյանը բնակվում էր Երևանում և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս էր։

Գրիգոր Հայրապետյանը մահացել է 1998թ. մարտի 14-ին: