Հայաստանի եվրաինտեգրումը ֆանտազիա է. Ստևան Գայիչ
18 Հունիսի 2024, 22:30
Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանը ինտեգրվելու հավանականությունը:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի եվրաինտեգրումը բացարձակապես անհնար գործընթաց է։
«Մինչ այժմ բոլոր երկրների համար Եվրամիություն ընդունելը խիստ կապված էր ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Քանի որ Հայաստանը չի ընդունվելու ՆԱՏՕ այն պատճառով, որ դա չեն ցանկանում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և Հայաստանի հարևաններից ոչ մեկը, Հայաստանի եվրաինտեգրումը բացարձակապես անհնար գործընթաց է։ Ես կարծում եմ, որ դա բացարձակ ֆանտազիա է:
Սերբիան, օրինակ, եվրաինտեգրման գործընթացում է արդեն ավելի քան 20 տարի, հեռու է գնացել, բայց դա տանջալի գործընթաց էր՝ երկրի բազմաթիվ նվաստացումներով և ինքնիշխանության հսկայական մասի կորստով։ Եվրամիության ժողովրդականությունը 80 տոկոսից հասել է 30 տոկոսի։ Եվրամիությունը դարձել է շատ ոչ պոպուլյար։ Եվրամիությունը նախորդ համաշխարհային համակարգի մնացորդն է։ Սա հետամնաց կազմակերպություն է, որն ունի բազմաթիվ սեփական խնդիրներ, որոնք սկսել են քայքայվել։ Դրա համար էլ այն, ինչ մենք լսում ենք Հայաստանի խորհրդարանի խոսնակից Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ, բացարձակ ֆանտազիա է», — ասել է Գայիչը։
Փորձագետի կարծիքով՝ հայերը չեն կիսում եվրոպական արժեքները։
«Եթե Հայաստանը պատրաստ է նույնասեռ ամուսնություններ, տրանսգենդերային օրակարգ մտցնել և այլն, ապա այն կիսում է այնպիսի արժեքներ, որոնք ընդունելի են նման երկրների համար։ Որքան ես գիտեմ հայերին, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն ամբողջովին ժխտում է ամբողջ հայ քրիստոնեական պատմությունը, որը տևում է ավելի քան հազար տարի: Այդ պատճառով ես կարծում եմ, որ հայտարարությունները, թե Հայաստանը կիսում է եվրոպական արժեքները, կարող է անել կամ բութ մարդը, կամ դավաճանը», — եզրափակել է Գայիչը։