Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 12 լավագույն թիմերից մեկն է
21 Հունիսի 2023, 13:44
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնությունում կայացան ընտրական փուլի 3-4-րդ տուրի հանդիպումները:
Հարկ է նշել, որ միանգամից 12 երկրների հավաքականներ այդ խաղերում տոնեցին երկուական հաղթանակներ: Դրանց թվում է նաև Հայաստանի ընտրանին, որը նախ հյուրընկալվելիս 4:2 հաշվով պարտության մատնեց Ուելսին, իսկ երեք օր անց արդեն սեփական դաշտում հաղթեց Լատվիային:
Նույն D խմբում 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեց նաև Թուրքիան, որը լատվիացիների հետ խաղում վերջին րոպեին հաղթանակ կորզեց՝ 3:2, իսկ հետո երկու անպատասխան գոլ խփեց Ուելսին: Այդ հաղթանակից հետո Թուրքիայի ընտրանին 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը 6-ով զբաղեցնում է 2-րդ տեղը: Սակայն, խմբի պոտենցիալ առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, որը երկու խաղում վաստակել է 4 միավոր և դեռ երկու հանդիպում ունի անցկացնելու:
Ընթացիկ տուրերում երկուական հաղթանակ տարան նաև Շոտլանդիայի (A խումբ), Ֆրանսիայի (B խումբ), Անգլիայի, Ուկրաինայի (C խումբ), Ալբանիայի (E խումբ), Ֆինլանդիայի, Ղազախստանի (H խումբ), Իսրայելի (I խումբ), Պորտուգալիայի, Սլովակիայի և Լյուքսեմբուրգի (J խումբ) հավաքականները: Իհարկե, զարմացնում է մեծ թվով միջին կարգի թիմերի հաղթանակները, սակայն դա բացատրվում է նրանով, որ դրանք այս տուրերում չեն հանդիպել խմբերի առաջատարների հետ: Օրինակ՝ Ֆինլանդիան ու Ղազախստանը պարտության են մատնել Սան Մարինոյին ու Հյուսիսային Իռլանդիային, Իսրայելը՝ Անդորային ու Բելառուսին, Լյուքսեմբուրգը՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Լիխտենշտային:
Ըստ մասնագետների, այդ տուրերում ամենամեծ անակնկալը մատուցել է Հայաստանի հավաքականը՝ հյուրընկալվելիս հաղթելով Ուելսին: Երկրորդ տեղում Լյուքսեմբուրգի ընտրանին է, որը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:
Ընդհանուր առմամբ 4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն չորս թիմեր: Դրանք են Շոտլանդիան, Ֆրանսիան, Անգլիան ու Պորտուգալիան, որոնք տարել են 4-ական հաղթանակ: Բացի այդ, ֆրանսիացի և պորտուգալացի ֆուտբոլիստներն ոչ միայն միավոր չեն կորցրել, այլև գոլ բաց չեն թողել:
Եվրո-2024-ի հաջորդ երկու տուրերը կկայանան սեպտեմբերի 7-11-ը: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կխաղա Թուրքիայում, իսկ ամսի 11-ին կընդունի Խորվաթիայի ընտրանուն: