Հայաստանի համար հրատապ է նոր Ազգային անվտանգության ռազմավարության մշակումը․ Չալաբյան
13 Մարտի 2026, 16:18
Այսօր ստեղծվել է աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակ, որի դինամիկ զարգացումներին ականատես ենք լինում վերջին շաբաթներին։ Այս մասին ասել է «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ։
«Իրանի և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակիցների միջև ընթացող աննախադեպ սուր հակամարտությունը նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ է ծնում Հայաստանի համար»,- ասել է նա։
Չալաբյանի խոսքով՝ մինչև 2020 թվականը մշակված փաստաթղթերն այլևս արդիական չեն։
«Հայաստանի պաշտոնական Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է դեռ 2007 թվականին։ 2020-ին ներկայացված նոր նախագիծը հրապարակվեց տառացիորեն պատերազմից առաջ և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վերջնականապես իմաստազուրկ դարձավ։ Այսօր հրատապ անհրաժեշտություն է առաջացել մշակելու նոր Ազգային անվտանգության ռազմավարություն»,- հայտնել է նա։
Ըստ Ավետիք Չալաբյանի՝ դա չպետք է լինի լոկ մեկ կառույցի գործառույթ, այլ պետական բոլոր մարմինների՝ Անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի, Կառավարության և Նախագահի աշխատակազմի համատեղ ու հետևողական աշխատանքի արդյունքը։