Հայաստանի համար մեծ կռիվ է տեղի ունենում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Վիկտոր Բարանեց

03 Օգոստոսի 2024, 10:35

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի վերջին հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Եվրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։

«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի վաղեմի երազանքն է։ Նրանք ուզում են ուլունքների պես լարել Խորհրդային Միության այդ նախկին երկրները, և բնական է կառավարել դրանք։ Բայց մենք նրանց շատ լուրջ խանգարում ենք Չինաստանի հետ միասին, քանի որ մենք ունենք մեր ճանապարհի նախագիծը։

Դե, ով ուզում է մասնակցել այս ճամփորդությանը, թող մասնակցի։ Գլխավորն այն է, որ իսկապես շատ լուրջ կռիվ է ընթանում, պայքար Կենտրոնական Ասիայում ազդեցության համար և այլն»,- ասել է Բարանեցը։

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ Միացյալ Նահանգները երկրի ղեկավարության միջոցով առաջ է տանում իր շահերը Հայաստանում, և հիմնական նպատակը Հայաստանին առանձնացնելն է Ռուսաստանի հետ փոխգործակցությունից։

«Փաշինյանը կտրուկ կուրս է բռնել ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ: Կամ այնտեղ որևէ մեկին չի շնորհավորել ծննդյան օրը, հետո չի գնացել հաջորդ հանդիպմանը, հետո ասել է, որ գումար չի վճարելու ՀԱՊԿ-ին, հետո ռուսաստանյան բազայի քթի տակ վարժանքներ է անցկացնում ամերիկացիների հետ։ Գիտե՞ք, ես ձեզ հետ կխոսեմ առանց դիվանագիտական լեզուների։ Հայաստանն ինքը պոկվում է Ռուսաստանից: Հայ ժողովուրդը չէ, որ պոկում է Հայաստանը Ռուսաստանից, դա նրա ղեկավարությունն է, որին մղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Հայաստանը ռուսական ազդեցությունից պոկելը, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության ոսկե երազանքն է։ Փաշինյանն արդեն փորձում է գերեզման փորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանին։ Բայց, ամենայն հավանականությամբ, ինքն էլ կընկնի դրա մեջ»,- ընդգծել է նա։

Բարանեցը վստահ է, որ չնայած Հայաստանում Արևմուտքի կործանարար դերին, հայ ժողովուրդը դեռևս իր վճռական խոսքն է ասելու։

«Հայաստանի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մեծ կռիվ է: Առայժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարծես, լուրջ առաջընթաց է գրանցում: Հայաստանի հեռանալը մեզ մեծ անախորժություններ է սպառնում: Հասկանում եք, որ վաղ թե ուշ ամերիկացիները պահանջելու են Փաշինյանից վտարել մեր ռազմաբազան: Մեր սահմանապահներն այլևս չեն պահպանի Հայաստանի սահմանը:

Դե, սիրելի ընկերներ, ես հիանալի տեսնում եմ, որ եթե Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այս սցենարով ավելի հեռուն գնան, ապա հայ ժողովրդին մեծ պատմական ողբերգություն է սպասվում։ Բայց դուք կհարցնեք հայ ժողովրդին՝ նա ուզում է բարեկամ լինել Վաշինգտոնի, թե՞ Մոսկվայի հետ։ Եվ հետո կտեսնեք, որ ժողովուրդը կտա Փաշինյանի կարծիքից ապշեցուցիչ տարբերվող պատասխան»,- եզրափակել է փորձագետը։