Կապանում ՌԴ ներկայության ընդլայնումը համապատասխանում է ՀՀ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանիշահերին. Զախարովա

09 Ապրիլի 2025, 15:48

Քաղաքականություն

Հայաստանի հարավի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է և’ Հայաստանի, և’ Ռուսաստանի, և’ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են արտերկրում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հիմնարկները, այս քայլը կարող է էական ազդակ հաղորդել առևտրա-ներդրումային, գիտակրթական, մշակութային-հումանիտար համագործակցության խորացմանը, Ռուսաստանի տարածաշրջանների հետ այս տարածքի փոխշահավետ կապերի հաստատմանը:

Մեր երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը գնալով ավելի արդիական նշանակություն է ստանում նաև ԵԱՏՄ ձևաչափում։ Եվ այս ասպեկտը պետք է հաշվի առնել: Այս ամենը կդառնա հուսալի ապահովագրություն Սյունիքի մարզի դինամիկ և խաղաղ, անվտանգ զարգացման համար:

Մենք գոհունակությամբ նշում ենք ռուս դիվանագետների առաջատար խմբի օգտակար ջանքերը՝ գլխավոր հյուպատոսություն հիմնելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Նրանց բազմակողմանի գործունեությունն այս տարածաշրջանում հանդիպում է բնակչության դրական վերաբերմունքին։ Խմբի աշխատանքի հարցը և գլխավոր հյուպատոսության հիմնումը մանրամասն քննարկել են կողմերը, մասնավորապես՝ ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները։ Ակնկալում ենք, որ մինչև մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել մեր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ»,- եզրափակել է Զախարովան։