Հայաստանի հրապարակային հայտարարությունները տեղավորվում են Ռուսաստանից հեռու մնալու հռետորաբանության մեջ. Քրիստինա Երմակ

11 Փետրվարի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան դեմ է՝ Երևանի և Բաքվի միջև ինչ-որ վաղաժամ փաստաթղթեր կնքվեն, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը քիչ հավանական է համարում Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամը:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարցերի դիվանագիտական լուծմամբ:

«Քանի որ հիմա բավական անհանգիստ շրջան է, Արևմուտքի ազդեցությունը գնալով ակտիվանում է։ Մենք հիմա հասկանում ենք, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունն ազդում է այդ գործընթացի վրա, ընթանում է դիվանագիտական ռեսուրսների հեշտ վերախմբավորում հայկական ուղղությամբ։ Ռուսաստանի համար կարևոր է, որ համաձայնագիրը կնքվի առավելագույնս այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն տարածաշրջանի երկրներին և ռազմավարական առումով չեն հանգեցնի տնտեսական և քաղաքական ռիսկերի: Այդ պատճառով ես կարծում եմ՝ Միխայիլ Գալուզինի հայտարարությունը հիշեցման բնույթ է կրում, որ Ռուսաստանը շահագրգռված է դիվանագիտական լուծմամբ, այդ գործընթացի դիվանագիտական ավարտով, և Ռուսաստանը պնդում է, որ արևմտյան ազդեցությունը բացառվի», — ասել է Երմակը։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում Մոսկվայի միջնորդության վերաբերյալ Ռուսաստանին հեռու պահելու հռետորաբանության մաս են կազմում։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել միջնորդությունից և շահագրգռված է բանակցային գործընթացով։ Բայց հայկական կողմից այս ամենին հակադարձում են հայտարարություններով, որ, կներեք, միջնորդությունը, որը եղավ Արցախի հարցում, հաջողությամբ չպսակվեց, և այսօր մենք հեռանկար չենք տեսնում։ Այսինքն՝ այս հրապարակային հայտարարությունները տեղավորվում են Ռուսաստանին ամբողջությամբ հեռացնելու հռետորաբանության մեջ, և դա օջախներ է ավելացնում այդ ամենին։ Այնուամենայնիվ, ռուս պաշտոնյաներն արձանագրում են և՛ արդյունավետ բանակցություններ արտգործնախարարների մակարդակով, և՛ տնտեսական դիվիդենտներ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից և այլն»,- նշել է Երմակը։

Ինչ վերաբերում է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում առկա ճգնաժամին, ապա, ըստ փորձագետի, դա ժամանակավոր բնույթ է կրում։

«Այն հարաբերությունների բնույթը, որոնք այսօր առկա են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, ամրագրված է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում, և ես կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, հիմք է մնում, այսինքն՝ «Ռուսական տան» փակման սյուժեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգռված է՝ իրեն հաշվի առնեն որպես լուրջ խաղացող տարածաշրջանում, որպես լուրջ գործընկեր և դաշնակից, եթե խոսքը գնում է դաշնակցային հարաբերությունների մասին։ Տնտեսական հարաբերությունները և այն նախագծերը, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ռազմավարական նշանակություն ունեն և՛ երկրների, և՛ ողջ տարածաշրջանի համար։ Ուստի չեմ կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում այս իրավիճակը սկզբունքորեն համակարգային ազդեցություն կունենա հարաբերությունների բնույթի վրա։ Այն, որ սառը կլինի, փաստ է, դա հիմա մենք տեսնում ենք, բայց շուտով, երբ իրավիճակը կարգավորվի, կարծում եմ, ամեն ինչ կվերադառնա այն դաշտ, որտեղ եղել է», — եզրափակել է Երմակը։