Հայաստանի իշխանամետ կառույցները փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Անատոլի Մատվիյչուկ
05 Օգոստոսի 2023, 18:05
Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
«Ռուսաստանն իրականացնելու է իր գիծը, որը բարձրաձայնել է խաղաղապահների տեղակայման ժամանակ, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) բանակցությունների ընթացքում իրենք պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը այս կամ այն պետական կազմավորման ներսում` նրան տրամադրվելիք ինքնավարության որոշակի պայմաններով: Արևմուտքը, որը փորձել է այս ամենը իր հովանու ներքո տանել, հետապնդում է իր շահը։ Նրան հարմար է, որ Հարավային Կովկասում անկայուն իրավիճակ լինի», — հայտարարել է Մատվիյչուկը։
Իրավիճակի արդարացի ելքի հույս հայտնելով՝ փորձագետը նշել է.
«Ո՛չ հայերը (Հայաստանը) չեն համաձայնի, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, ո՛չ էլ հենց Արցախի բնակիչները չեն ցանկանա։ Այստեղ պետք է փնտրել «Սողոմոնյան լուծում», որը պետք է հանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Եվ ամենակարևորը՝ դադարեցվի կրակը և թույլ տրվի , որ մարդիկ հանգիստ ապրեն»։
Վերլուծելով Հայաստանի իշխանությունների՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումը՝ Անատոլի Մատվիյչուկը գալիս է այն եզրահանգման, որ դրա հետևում կանգնած են որոշ արևմտյան ուժեր։ «Հայաստանի իշխանամետ կառույցները փորձում են Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, և չգիտես ինչու, նրանք որոշել են, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ավելի մոտ են այդ պայմանավորվածությունների տառին ու ոգուն։ Այսինքն՝ նրանք սկսել են հետքայլ խաղարկել։ Վարչապետը չի խորհրդակցել խաղաղապահների հետ, երբ ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու առաջարկը, դա նրա անձնական որոշումն էր, որը թելադրված էր հենց արևմտյան քաղաքական գործիչների կողմից։ Այսինքն՝ դիվանագիտական մակարդակով Ռուսաստանը դա է քարոզում և խոսում է այն որոշման ընդունման անհնարինության մասին, որն առաջարկում է Արևմուտքը», — հայտարարել է Մատվիյչուկը։