Հայաստանի իշխանությունն ատելություն ու թշնամանք է սերմանում Արցախի ու ՀՀ-ի միջեւ. Նարինե Աղաբալյան

26 Հուլիսի 2023, 19:35

Քաղաքականություն

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն ատելություն ու թշնամանք է սերմանում Արցախի ու Մայր Հայաստանի միջեւ:

«Հուսով եմ, որ երեկվա բազմահազարանոց հանրահավաքը ցույց տվեց, որ մենք իրավունք չունենք թողնել որեւէ մեկն օտարել Հայաստանն Արցախից, Հայաստանը Նիկոլ չէ եւ որեւէ մեկը բարոյական իրավունք չունի սեպ խրել մեր միջեւ: Մենք պետք է միասին լինենք ու հաղթահարենք այս փորձությունը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Նարինե Աղաբալյանը՝ մեկնաբանելով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Փաշինյանը բավականին կոշտ էր արձագանքել արցախցիների այն հարցերին, որում նրանք դժգոհություն էին հայտնել, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը:
Փաշինյանը հայտարարել էր, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար ու սարկազմով ասել, թե «150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:

Նարինե Աղաբալյանին չեն զարմացրել Հայաստանի ղեկավարի այս խոսքերը: Փաշինյանը, նրա համոզմամբ, վարում է Արցախը Ադրբեջանին հանձնելու եւ հայկական պետականությունը կործանելու քաղաքականություն:

«Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ կամ չի ուզում հասկանալ, որ արցախցին, որին ինքը զրկել է հայրենիքից, այսօր հող է մշակում թշնամու ականանետի նշանառության տակ, այգի է մտնում զրահաբաճկոնով, իսկ կրակոցներից հետո դադարեցնում է աշխատանքը, նաեւ ոռոգման խնդիրներ հաղթահարելով չի կարողանում այդքան չարչարանքներից հետո աճեցրած բերքը հասցնել սպառողին, որովհետեւ սպառվել է վառելիքի պաշարը, որի պատճառով մարդիկ ոչ միայն չեն կարողանում բերքը տեղափոխել, այլեւ տեխնիկան չեն կարողանում մտցնել հասած արտը»,- ընդգծեց Նարինե Աղաբալյանը:

Այսօր արդեն Կառավարությունը հայտարարեց, թե Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում շրջափակված Արցախ: Աղաբալյանը նկատեց՝ սա պետք է արվեր ավելի վաղ եւ չսպասեին, որ Արցախում հումանիտար աղետ հասունանա, հետո միայն օգնություն ուղարկեին:

«Նախ պետք է սպասել, հասկանալ այդ բեռը տեղ է հասնում, թե դա ընդամենը դիվանագիտական քայլ էր»,- շեշտեց Աղաբալյանը:

Անդրադառնալով Արցախի նախագահի՝ նստացույցը դադարեցնելու որոշմանը, Աղաբալյանն ասաց, որ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն ի սկզբանե դեմ էր այդ նախաձեռնությանը, քանի որ պայքարելու այլ ճակատ կար:

«Երկրի ղեկավարը չի կարող հայտարարել նստացույցի մասին, այն դեպքում, երբ գիշերուզօր աշխատելու տեղ կա, ինչ անել, որ մարդիկ սովից չմեռնեն, ինչպես անել, որ բերքը գյուղերից մայրաքաղաք հասցնենք եւ ինչ անենք, որ մեր ձայնը տեղ հասնի: Կարծում եմ՝ նստացույցը որեւէ ձեւով դրան չի նպաստել, բայց այն օրհասկան վիաճկը, որը կա Արցախում տարբեր մարդկանց ու ինստիտուտների ջանքերով տեղ է հասել, ինչ-որ ակտիվություն, ճնշում է հարուցվել, այդ առումով մենք կենդանության նշաններ ենք տեսնում, բայց դեռ վստահ չենք, որ սա գործնական քայլի է վերածվելու եւ Արցախի պաշարումը դրանից հաստատ չի վերանալու»,- ասաց Նարինե Աղաբալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: