Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումներն ավելի իրական են դարձնում նոր պատերազմի հեռանկարը. Ռուսաստանի հայերի միություն

29 Հուլիսի 2023, 11:20

Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի և Արցախում առկա էքզիստենցիալ սպառնալիքների վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը կրիտիկական է, որը նվաստացումների, շանտաժի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների միջոցով հանգեցնում է հայ բնակչության վտարմանը հայրենիքից:

Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, և Հայաստանի՝ համաձայնագրականը չեն տեղավորվում ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից ջանասիրաբար առաջ մղվող, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» տրամաբանության մեջ, ո՛չ էլ բուն բանակցային գործընթացի շրջանակներում, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից ակնհայտ թելադրանքով և Հայաստանի վրա նոր ցավոտ զիջումներ պարտադրելու նպատակով նրա ճնշմամբ։

Արցախը հայկական քաղաքակրթության բնօրրանն է, բոլոր հայերի հայրենիքը, որտեղ էլ որ նրանք բնակվեն: Եվ Արցախի ճակատագրի որոշման մեջ չի կարելի անտեսել տասը միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու համախմբված կամքը։ Խորհրդարանական վերջին ընտրություններում ստացած ոչ մի ընտրական աջակցություն իշխանությանը իրավունք չի տալիս կուլիսային բանակցություններ վարել արցախցիների ճակատագրի կամ Հայաստանի ապագայի, նրա սուբյեկտայնության և անկախության մասին, որը մեզ բաժին է հասել տասնյակ հազարավոր հերոսների կյանքի գնով՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության, ազատության և անկախության ապահովման՝ սկսած 90-ական թվականներից։

Հայաստանի ղեկավարությունը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, էապես թուլացնում է ինչպես այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների, այնպես էլ Արցախի իշխանությունների դիրքերը՝ Ադրբեջանի հետ հավանական բանակցություններում։

Շահարկելով և ՀՀ քաղաքացիներին Արցախը հանձնելու անհրաժեշտություն ներշնչելով հանուն Հայաստանի իբր պահպանման՝ երկրի իշխանությունները ողջ հայ հասարակությանը պարտադրում են քայլել պատմական այն «կարմիր գծով», որի հատումը յուրաքանչյուր հայի և ընդհանրապես հայ համայնքի համար նշանակում է արժեզրկել մեր դարավոր պատմությունը, մեր արժեքները, բարոյականությունն ու հոգևորությունը:

Չհերքելով Ադրբեջանին միջազգային իրավունքը հարգելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրերի պարտադրման ուղղությամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերի անբավարարությունը՝ մենք, միևնույն ժամանակ, անթույլատրելի ենք համարում իրադարձությունների ցանկացած զարգացում, որը կարող է հանգեցնել առկա անվտանգության կառույցի կազմաքանդմանը՝ Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու միջոցով, ինչին, օգտագործելով իրենց ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա, իրականում ձգտում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ներգրավված արևմտյան կենտրոնները: Ընդ որում, այդ կենտրոններից ոչ մեկը, բացի հայտարարություններից, ոչինչ չի անում:

Անթույլատրելի ենք համարում այն, որ Հայաստանի իշխանությունները, ցուցադրաբար հեռու մնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, այն փոխակերպում են այնտեղ բնակվող հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման ինչ-որ միջազգային մեխանիզմների հարցի։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոչ մի ճանաչում, այդ հասկացության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը, չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, թեկուզև այն վերաձևակերպելով «բաժանում հանուն փրկության» սկզբունքի։

Անշուշտ, խաղաղությանն այլընտրանք չկա։ Սակայն խաղաղության հասնելու ուղիները կարող են այլընտրանքային լինել և տարբերվել նրանից, որով գնում է հայկական ներկայիս ղեկավարությունը՝ ողջ հայությանը ենթարկելով տեղեկատվական և հոգեբանական ցեղասպանության՝ Բաքվի և Անկարայի հավանությունների ներքո։ Իր ատելությունն ու հայերին բնաջնջելու ծրագրերը չթաքցնող Ալիևից հասարակությանը պարտադրվող «խաղաղությունը» միայն սկիզբն է մեր նվաճումների կորստին տանող ճանապարհի: Միակողմանի զիջումները, որոնք սահմանակից են Հայաստանի իբր պահպանման համար իրենց հայրենակիցներին զոհաբերելու անարժան ձգտմանը, բնավ չեն բացառում, այլ միայն ավելի իրական են դարձնում նոր պատերազմի հեռանկարը:

Որքան շուտ այդ գիտակցումը գա Հայաստանի իշխանություններին, այնքան քիչ կորուստներ կունենանք հայոց պետականության ապագայի համար մղվող պայքարում, որի կորստի վտանգն առավել քան ակնհայտ կդառնա Արցախի կորստով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ականջալուր լինել աշխարհասփյուռ մեր հայրենակիցների ձայնին, քանի որ արցախցիների, հայկական պետության և հանրության ճակատագրի համար պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը նախանձելի հետևողականություն և նպատակասլացություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է երկրի ներսում և Սփյուռքում հասարակության համար կործանարար բաժանարար գծերի ներդրմանը, բանակի, հերոսների, մտավորականության, եկեղեցու և այլ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը, և ոչ պրոֆեսիոնալիզմ է, երբ պետք է որոշել միջազգային մակարդակի հարցեր՝ պետության և հայության շահերի հետ կապված:

Անցած երեսուն տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում կուտակվել է հսկայական փորձ և ներուժ՝ պահպանելու և զարգացնելու մեր պատմական արժեքներն ու ավանդույթները, պաշտպանելու մեր նախնիների հիշատակը և միավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այլ երկրների հետ Հայաստանի կապերի զարգացման հարցերում: Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ներգրավի պրոֆեսիոնալների և օգտագործի առկա փորձագիտական ներուժը՝ նրանց կողմից բոլորիս համար ճակատագրական նոր սխալներ թույլ չտալու համար:

Հայաստանի շահերը, Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու համար, որպեսզի Արցախը կանգնի և միշտ մնա հայկական, մեզ այսօր անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության համախմբումը, համաշխարհային հայկական էլիտայի համախմբումը՝ առանց հապաղելու։

Մեր հավաքական ուժն ի զորու է վստահություն հաղորդել ցանկացած բանակցություններում, որքան էլ որ դրանք բարդ լինեն, և ցանկացած հակառակորդի հետ, որքան էլ նա չհամաձայնվող և ագրեսիվ թվա», — նշված է հայտարարության մեջ: