ՀՀ իշխանություններն անուղղակիորեն շահագրգռված են Բաքվում Արցախի ղեկավարների դատավարությամբ. Կոնստանտին Զատուլին

27 Փետրվարի 2025, 00:10

Քաղաքականություն

ԱՊՀ երկրների ինստիտուտը և հայ-ռուսական միջազգային «Լազարևյան ակումբ»-ը համատեղ Մոսկվայում կազմակերպել են կլոր սեղան «Դատավարությունը Բաքվում. ինչի կհանգեցնի վրեժխնդրության ցանկությունը»թեմայով։ Այն նվիրված էր Բաքվում Արցախի Հանրապետության 16 նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը։

Քննարկմանը մասնակցում էին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ։

Պատգամավոր Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ Բաքվում Արցախի Հանրապետության ղեկավարների դեմ դատական գործընթացը Ադրբեջանի ղեկավարի կողմից անձնական վրեժխնդրության ակտ է:

«Ես կարծում եմ, որ դա անձնական վրեժխնդրության ակտ է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ Բոլոր այն մարդիկ, որոնց մասին խոսք է գնում, տարիներ շարունակ եղել են ադրբեջանական ղեկավարության գործընկերները բանակցություններում, երբ խոսքը վերաբերում էր Մինսկի խմբի (ԵԱՀԿ) շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, որն այսօր Ադրբեջանում չեն ցանկանում ընդունել:

Այս դատավարությունն արտացոլում է Ադրբեջանի ղեկավարության ընդհանուր ցանկությունը՝ շարունակելու հաղթանակ տոնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև, ընդհանուր առմամբ, հայերի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։ Որովհետև դա ուղեկցվում է ոչ միայն պահանջներով, ձերբակալությամբ և դատարանով, այլ նաև այլ ակցիաներով»,- ասել է Զատուլինը։