Հայաստանի իշխանությունները կորցնում են Բրյուսելի աջակցությունը

01 Օգոստոսի 2025, 14:20

Քաղաքականություն

Թուրքական «Aydınlık» պարբերականը հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները կորցնում են Բրյուսելի աջակցությունը, քանի որ պաշտոնական Երևանի գործողությունները խոչընդոտում են ԵՄ-ի հետ լիարժեք համագործակցությանը։

Պարբերականը հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի վերջերս կայացած հանդիպման մասին։ Այցն անցել է դրական մթնոլորտում, և եվրահանձնակատարը խոստացել է, որ ԵՄ-Հայաստան ասոցացման խորհրդի առաջիկա նիստում կստորագրվի կարևոր փաստաթուղթ՝ «Երկխոսության օրակարգը»։

Սակայն լրագրողները նշում են, որ եվրոպական խոստումները մնում են խոսքեր։ Մինչ այժմ «վճռական աջակցությունը» սահմանափակվում է Երևանում ԵՄ պատվիրակության հետ համաձայնեցված 270 մլն եվրոյի չիրականացված դրամաշնորհային փաթեթով։ Հայաստանի տնտեսական մասշտաբների համատեքստում (արտաքին առևտրաշրջանառությունը՝ մոտ 15 մլրդ եվրո) այս օգնությունը խորհրդանշական է թվում։

Հեղինակների կարծիքով՝ ժողովրդավարությանն աջակցելու մասին Եվրոպայի հռչակագրերի հետևում միայն ձևական քայլեր են։ ԵՄ-ն կարծում է, որ Փաշինյանի բարեփոխումները չեն հանգեցնում իրական ժողովրդավարացման, այլ միայն ուղեկցվում են սեփականության վերաբաշխմամբ։ Խոստացված բարեփոխումները վերածվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ բռնաճնշումների և խոշոր բիզնեսի վրա ճնշումների։

Ամենաաղմկահարույց օրինակը գործարար Սամվել Կարապետյանի գործն է, ով հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին իշխանությունների միջամտությունից։ Նրա ձերբակալությունից հետո ընդունվել է Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման մասին օրենքը։ Ընդդիմությունը իշխանությունների գործողություններն անվանել է «պետական շորթում»։ Ստոկհոլմի արբիտրաժը ոչ իրավական է ճանաչել ազգայնացումը, սակայն կառավարությունը հրաժարվել է կատարել միջազգային պարտավորությունները։