ՀՀ իշխանությունները կորցրել են արտաքին քաղաքական սուբյեկտիվությունը և ազդեցությունը տարածաշրջանի գործընթացների վրա. Անդրեյ Արեշև

09 Սեպտեմբերի 2024, 20:40

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն անդրադարձել է Արևմուտքի էներգետիկ շահերին տարածաշրջանում և թե ինչու է ԵՄ դիտորդական առաքելությունն աչք փակում Բաքվի ագրեսիվ գործողությունների վրա։

«Այս պահին բավականին լուրջ բանակցություններ են ընթանում ԵՄ-ին ադրբեջանական բնական գազ մատակարարելու շուրջ։ Դրանում շահագրգռված են բոլոր կողմերը, և ես կարծում եմ, որ դա անդրադառնում է եվրոպական կառույցների կողմից որևէ կերպ հարցեր չբարձրաձայնելու վրա, որոնք կարող են անհարմար լինել Ադրբեջանի հետ իրենց երկխոսության տեսանկյունից։ Հավանաբար, այստեղ իսկապես ինչ-որ անուղղակի կապ կա, և հարց է առաջանում Հայաստանի իշխանությունների համար, որոնք վերջին տարիներին կորցրել են իրենց արտաքին քաղաքական սուբյեկտիվությունը, հետևաբար որոշակի գործընթացների վրա ազդելու կարողությունը՝ չնայած ԵՄ-ի և Բրյուսելի հետ հայտարարված մերձեցմանը»,- ասել է Արեշևը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ դրանցում հակասական ազդակներ կան:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա տրամադրվածությանը, ապա այստեղ ակնհայտ են հակասական ազդանշաններ։ Հայկական կողմն, իհարկե, շահագրգռված է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցությամբ, ինչը նրան լուրջ օգուտներ է տալիս։ Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք տարբեր մեսիջներ, որոնք առաջացել են արևմտյան ճնշումներից։

Ինչ վերաբերում է պարոն Սիմոնյանի հայտարարությանը Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների մասին, ապա սա արտացոլում է այն վիճահարույց գործընթացները, որոնք կապված են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծերի և աշխարհաքաղաքական որոշակի ճշգրտումների անհրաժեշտության հետ։

Մենք պետք է հասկանանք, թե որքան հեռու կարող են գնալ այդ գործընթացները։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանք բավականին դինամիկ են դառնում, և դրանց հետևանքների բազմազանությունը կարող ենք դիտարկել առաջիկա ամիսներին»,- ընդգծել է Արեշևը։