Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, բայց որևէ արժանի արձագանք չի ստանում․ Շահվերդյան

04 Հուլիսի 2024, 23:30

Քաղաքականություն

Ադրբեջանը՝ դեռ սովետական ժամանակներից սկսած, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում յուրացնում է, ոչնչացնում, բայց որևէ արժանի արձագանք չի ստանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

«Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս Հայաստանի տարածքային և պատմական իրավունքների հանդեպ իր նկրտումները։ Մենք չպետք է զարմանանք, որ Ադրբեջանն այսօր Արևմտյան Ադրբեջան անվան տակ սկսում է քարոզել իր, այսպես կոչված, վերադարձի իրավունքները։ Բայց ինչու պետք է չանի, եթե շարունակաբար հայկական մշակութային ժառանգությունը՝ դեռ սովետական ժամանակներից սկսած, Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում յուրացնում է, ոչնչացնում է, բայց որևէ արժանի արձագանք չի ստանում։ Սա վերաբերում է հատկապես վերջին ժամանակաշրջանին, երբ իր համար անհետևանք մնաց ոչ միայն Արցախի մշակութային ժառանգության սեփականաշնորհման փորձերը, այլև ամբողջ բնակչության բռնի տեղահանումը։ Այս քաղաքականությունը վաղուց է սկսվել»,- նշեց նա։

Խոսելով Արևմտյան Ադրբեջան եզրույթի առաջացման և տարածման մասին՝ նա նշեց․

«Այդ եզրույթը երկու տարի առաջ հրապարակ նետվեց, բայց Հայաստանի իշխանությունների կողմից համապատասխան արձագանք չստանալով՝ այնքան տարածվեց, որ այլևս ոչ նյութական մշակութային ժառանգությունը ևս դարձել է թիրախ։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները փաստացի որևէ բան չեն անում հայկական շահերը, այդ թվում նաև Արցախի շահերը պաշտպանելու հարցում, Ադրբեջանի քայլերը զարմանալի չեն։ Մենք փաստացի Արցախում թողեցինք շուրջ 30 թանգարանների և պատկերասրահների ցուցանմուշներ, շուրջ 6000 պատմամշակութային հուշարձաններ, որոնց զգալի մասը եկեղեցիներ ու վանքեր են, և այս ամենը պաշտպանելու համար արժանավայել պատասխան չեղավ։ Չի եղել ու չի լինելու պատասխան նաև Արևմտյան Ադրբեջանի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնին, որտեղ Ադրբեջանը հայկական գյուղերն ու տարածքներն իր նախընտրած տարբերակներով է կոչում, հայկական ավանդական ուտելիքներն էլ ադրբեջանական է որակում։ Իսկ պատճառն այն է, որ այսօրվա պետական քաղաքականությունը չի ենթադրում պաշտպանություն՝ ի օգուտ հայկական շահերի»։

Հիմա եթերում