Հայաստանի իշխանությունները պետք է հետաքննեն բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը. IPI

18 Հունիսի 2024, 11:50

Քաղաքականություն

IPI գլոբալ ցանցը լուրջ մտահոգություն է հայտնել այն բանից հետո, երբ 10-ից ավելի հայ լրագրողներ տուժել են հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները լուսաբանելիս ոստիկանության գործողություններից:

«Մենք կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցների համար:

2024 թվականի հունիսի 12-ին Երևանի խորհրդարանի շենքի դիմաց բախումներ սկսվեցին ոստիկանության և Ադրբեջանի հետ սահմանագծման համաձայնագրի դեմ հանդես եկող և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Այդ ընթացքում Փաշինյանը պետք է ելույթ ունենար ԱԺ-ում։ Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը լուսաձայնային նռնակներ են կիրառել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք և ճեղքել ոստիկանական բարիկադները՝ քարեր ու շշեր նետելով:

Բախումների և ցրման ընթացքում տուժել է առնվազն 10 լրագրող և օպերատոր։ Տուժածների թվում են ABC.am-ի երկու նկարահանող խմբեր։ ABC.am-ի լրագրող Նանե Հայրապետյանի խոսքով՝ երկու նկարահանող խմբերի աշխատակիցները վնասվածքներ են ստացել: Հրմշտոցի ժամանակ տուժել են Նանե Հայրապետյանը և օպերատոր Արման Ղարիբյանը, իսկ լրագրող Աղվան Ասոյանը և օպերատոր Էդիկ Մալաքյանը վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով: News.am առցանց լրատվական ծառայության օպերատոր Վազգեն Եթումյանը կոտրել է ոտքը, ևս երկու օպերատոր՝ Նարեկ Հայրյանը Սիվիլնեթից և Հովսեփ Հովսեփյանը՝ Armlur.am-ից, ինչպես նաև Mediahub.am-ի լրագրողը Նարե Գևորգյանը վնասվածքներ են ստացել։

Հայաստանում մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող ինը կազմակերպություններ, այդ թվում՝ Երեւանի մամուլի ակումբը և խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք անվանելով «ավելորդ ուժի կիրառում» և պահանջել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր անխտիր հարձակվել են հավատարմագրված լրագրողների վրա կամ վնասել նրանց սարքավորումները», — ասված է հայտարարության մեջ:

IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն անցկացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: «Անկախ բողոքի ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ավելորդ ուժի կամ բռնության ցանկացած կիրառում անընդունելի է։ Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են ավելորդ ուժի կիրառման մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն», — նշել է նա։