Հայաստանի իշխանությունները շարունակում են բոլորին տրամադրել արցախցիների դեմ․ Մետաքսե Հակոբյան

Այն կեղծիքը և սուտը, որ տարածում են արդեն երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները, երկար շարունակվել չի կարող։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը։

«Այն կեղծիքը, այն սուտը, որ արդեն երկար ժամանակ տարածում են Հայաստանի իշխանությունները և փորձում են ճնշումներ գործադրել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության, պաշտոնյաների վրա, երկար շարունակվել չի կարող։ Եվ այսօր ոտքի ելած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որին միացել են նաև արցախցիները, միասնական պայքար է տարվում այս իշխանությունների դեմ, և հաստատ իր նպատակին հասնելու է, բոլոր կեղծիքներն էլ բացահայտվելու են։ Ցավոք, դեռևս չեմ կարող ժամկետներից խոսել»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են բոլորին տրամադրել արցախցիների դեմ։

«Մենք փորձեցինք նրբանկատ գտնվել, այս ողջ ընթացքում Հայաստանի իշխանություններին հորդորել զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, բայց այդ ամենը նրանց համար ընկալելի չէր։ Նրանք շարունակում են մեր հայրենակիցներին տրամադրել արցախցիների դեմ, և անհիմն մեղադրանքներ են հնչեցնում, թե Արցախը հենց արցախցիներն են հանձնել թշնամուն։ Կարծում եմ՝ ժամանակն է խոսելու դրա մասին ավելի պարզ ու հստակ։ Բայց թե երբ կլինի դա, չեմ կարող ասել»,- եզրափակել է Հակոբյանը։