Հայաստանի ժողովուրդն իր համար նոր ճանապարհ է փնտրում. Եվգենի Կոժոկինը՝ երևանյան ցույցերի մասին
30 Մայիսի 2024, 21:30
Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտի պրոֆեսոր Եվգենի Կոժոկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է երևանյան ցույցերը:
Փորձագետի կարծիքով՝ այժմ Հայաստանի ժողովուրդն իր համար օպտիմալ ճանապարհ է փնտրում։
«Եթե համեմատենք Հայաստանի քաղաքական մշակույթը հետխորհրդային տարածքի այլ երկրների քաղաքական մշակույթների հետ, ապա, հավանաբար, այն ամենաժողովրդավարական քաղաքական մշակույթներից մեկն է։ Բացի այդ, Հայաստանում քաղաքացիական ակտիվությունն իսկապես շատ բարձր է։ Սա չի նշանակում, որ քաղաքացիական ակտիվությունը միշտ բերում է դրական արդյունքների, այսինքն՝ ազգային շահերի ձեռքբերումների, բայց, այնուամենայնիվ, այն բարձր է։
Այժմ Հայաստանի ժողովուրդն իր համար նոր օպտիմալ ճանապարհ է փնտրում աշխարհաքաղաքական այլ կոորդինատներում՝ ղարաբաղյան երկրորդ ողբերգական պատերազմից հետո։ Ահա այդ ելույթները կապված են այդ նոր օպտիմալ ուղին գտնելու հետ», — ասել է Կոժոկինը։
Պրոֆեսորի խոսքով՝ Ռուսաստանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Առանց որևէ կասկածի, մենք Ռուսաստանում ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում Երևանում և ընդհանրապես Հայաստանում, քանի որ անհնար է թվարկել այն ամենն, ինչը մեզ կապում է։ Դա չափազանց շատ է, չափազանց խորը: Ինչ վերաբերում է ոչ միայն մտավորականությանը, այլև Ռուսաստանի հասարակ մարդկանց, ապա մենք անհանգստանում ենք այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում։ Եվ կարևորն այն է, որ մենք ուզում ենք՝ հանրապետությունը գտնի իր ճանապարհը, գտնի բարգավաճման ճանապարհը։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի այն կապերը, որոնք հաստատվել են հետխորհրդային շրջանում, շարունակվեն, հետագայում զարգանան և ոչ մի դեպքում չընդհատվեն», — եզրափակել է Կոժոկինը։