Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հակամարտությունը արհեստականորեն է հրահրվում․ Զախարովա

02 Հուլիսի 2025, 23:22

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա հակամարտությունն անվանել է արհեստականորեն հրահրվող։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան գնահատականներ չի տա, սակայն չի կարող չտեսնել, թե ինչպես են Հայաստանում, որտեղ հավատքը դարեր շարունակ որոշել է մշակութային և ազգային ինքնությունը, կրկին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները։

Նա պարզաբանել է, որ սա «պետության կողմից եկեղեցուն օգնության կամ եկեղեցու և հասարակության, քաղաքացու և պետության փոխգործակցության հարց չէ»։ Փոխարենը, նա դրանք բնութագրել է որպես «զուտ ներքին գործընթացներ, որոնք, ավաղ, ոչ թե ընդգծում են պառակտումը, այլ հրահրված են արհեստականորեն»։

«Այսինքն՝ մարդիկ տարաձայնություններ ունեին տնտեսության, քաղաքականության, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների, օրենսդրության շուրջ, ցանկացած այլ հարթությունում՝ բացի սրանից։ Սա հիմնարար, համախմբող բազա էր, և հանկարծ սկսեցին սերմանել այս խավարամտությունը և մարդկանց իրար դեմ հանել»,- նշել է դիվանագետը։