Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանի Դաշնությունից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է. Ռյաբկով

04 Հոկտեմբերի 2023, 15:15

Քաղաքականություն

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այս գործողությունը, ցավոք, տեղավորվում է մի միտման մեջ, որը ձևավորվել է վերջերս։ Երեւանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն»,- ասել է նա։

«Պատմությունը, վստահ եմ, ամեն ինչ իր տեղը կդնի։ Հեռվից որոշ հովանավորների որոնումը և ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկությունը չեն ջնջի բարեկամության և փոխըմբռնման եզակի պատմական կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև»,- հավելել է Ռյաբկովը։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը միայն «Քաղաքացիական պայմանագրի»՝ 60 ձայներով կողմ է քվեարկել Հռոմի ստատուտի վավերացմանը։