Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

12 Սեպտեմբերի 2024, 16:45

Սպորտ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 20-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Հունգարիայից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։

Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 8-ական հանդիպում կանցկացնի։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարի գործող չեմպիոններն են, իսկ մինչ այդ երկու անգամ 2-րդ տեղն են գրավել, երեք անգամ՝ 3-րդ։

Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետևել հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediateam։