Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու կոչը իրականությունից կտրված էր. Հակոբ Բադալյան

05 Սեպտեմբերի 2023, 21:40

Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անպատասխանատու է որակում «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի» նախագահ Գյունտեր Ֆելինգերի՝ Հայաստանի վարչապետին ուղղված հայտարարությունը, որում նա կոչ էր արել միանալ ՆԱՏՕ-ին:

«Ինչպես Հայաստանում, տարբեր նկատառումներից ելնելով, անպատասխանատու եւ լսարանի նկատմամբ հարգանք չունեցող հայտարարություններ են արվում տարբեր գործիչների կողմից, այնպես էլ Եվրոպայում, նման գործիչներ կան, որոնք զանազան նպատակներից ելնելով, կարող են անել այդպիսի անպատասխանատու հայտարարություններ: Կարծում եմ՝ իրականությունից կտրված յուրաքանչյուր հայտարարություն անպատասխանատու է, առավել եւս, եթե հաշվի չեն առնվում այն նրբերանգներն ու այն զգայուն շերտերը, որ կան այսօրվա միջազգային իրողությունների պայմաններում»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը:

Նշենք, որ Գյունտեր Ֆելինգերի՝ Հայաստանի վարչապետին ուղղված կոչը նախօրեին լայն արձագանք ստացավ լրատվամիջոցներում: Հարկ է ընդգծել, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեն» որեւէ կապ չունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, այսինքն՝ Գյունտեր Ֆելինգերը պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել:

Այդուհանդերձ, քաղաքական մեկնաբանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը եւ ընդգծում, որ Հայաստանը պետք է բացի Ռուսաստանից, նաեւ այլ երկրների ու կառույցների հետ հարաբերություններ զարգացնի, իսկ ՆԱՏՕ-ն նրա խոսքով՝ կարեւոր կառույց է:

«Հայաստանն, ինչպես գործակցել է, այնպես էլ պետք է շարունակի գործակցել ՆԱՏՕ-ի հետ: Բնականաբար, դա պետք է արվի փոխլրացնելու սկզբունքով, ոչ թե հակադրելով ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, կամ էլ հակառակը: Ավելին՝ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում ձգտում է չհայտնվել որեւէ խրամատում, ինչը շատ կարեւոր է»,- նշեց Հակոբ Բադալյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում արձագանքելով «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի» նախագահ Գյունտեր Ֆելինգերի՝ Հայաստանի վարչապետին ուղղված կոչին, հստակեցրել էր, որ Գյունտեր Ֆեհլինգերն ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար է:

Փոխարտգործնախարարը հավելել էր, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանը գործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ իրենք պատրաստակամություն ունեն շարունակել այդ գործակցությունը:

Հիմա եթերում