ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների կառուցվածքում 86%-ը բաժին է ընկնում ռուսական կապիտալին․ ԵԱԶԲ
11 Դեկտեմբերի 2025, 22:45
Եվրասիական զարգացման բանկը «Փոխադարձ ներդրումների մոնիտորինգ» նախագծի շրջանակում հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ ներդրումային ակտիվությունը Եվրասիական տարածաշրջանում աճում է՝ ի տարբերություն օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՈւՕՆ)։
Տարածաշրջանի երկրների միջև կուտակված ՈւՕՆ-ների ծավալը 2025 թ. առաջին կեսի վերջին հասել է ռեկորդային 48,4 միլիարդ դոլարի, և ներդրումների աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է մասնավոր բիզնեսը։
«Հայաստանը շարունակում է հավասարակշռված դիրք պահպանել թե՛ որպես ներդրող, և թե՛ որպես ներդրումներ ստացող երկիր։ Նրա ելքային ՈւՕՆ-ների ծավալը հասել է 1,4 մլրդ դոլարի (2023 թ. համեմատ՝ +15%), իսկ մուտքայինը՝ 4,9 մլրդ դոլարի (+25%)։ Ներգրավված ներդրումների կառուցվածքում գերակշռում է ռուսական կապիտալը (86%)։ Սակայն վերջին մեկուկես տարվա աճի երկու երրորդը ապահովել են վրացի ներդրողները, առաջին հերթին՝ ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների հաշվին», — նշված է ԵԱԶԲ վերլուծաբանների զեկույցում։