Հայաստանի ներկայացուցիչները «բռիության եզրին» հասնող հռետորաբանություն են թույլ տալիս. ՌԴ ԱԳՆ

05 Սեպտեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Վերջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչները Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ «բռիությազն եզրին» հասնող հռետորաբանություն են թույլ տալիս:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լաչինի միջանցքի և ռուս խաղաղապահների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

«Ինձ թվում է, որ այս՝ բռիության եզրին հրապարակային հռետորաբանությունը պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Ես հասկանում եմ, որ այնտեղ, հավանաբար, բոլորի դերերը բաշխված են, թե ով ինչ է ասում, և ով ինչպես է դա ասում, բայց, այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ դա պատիվ չի բերում այն մարդկանց, ովքեր ներկայացնում են հայ հասարակությունը ։ Իսկ մենք, վերջին շրջանում նման հայտարարություններ քիչ չենք լսում», — հայտարարել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտարկմանը, թե այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը ադրբեջանական ճանաչեց, Ռուսաստանի հասցեին ուղղված հավակնությունները կրկնակի անտեղի են: Սիմոնյանը Զախարովայի այդ հայտարարությունն անվանել էլ «անհեթեթություն» և հայտարարել, որ դա «սեփական անգործությունը հայկական կողմի վրա բարդելու փորձ է»: