Հայաստանի ներկայացուցիչը Մենթալ թվաբանության միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը
10 Նոյեմբերի 2023, 15:06
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի Ա․ Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Արինա Աբելյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։
Ինչպես հայտնում է Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Ղումաշյանը, վերջին չորս տարիների ընթացքում սա Արինայի յոթերորդ նվաճումն է Մենթալ թվաբանության օլիմպիադայում, որտեղ նա արժանացել է սուպերգավաթի, սուպերչեմպիոնության, 1-ին տեղի մի քանի դիպլոմների։
«Արինան Դուբայում տեղի ունեցած Մենթալ թվաբանության օլիմպիադայում տարած իր հաղթանակը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ներքին Գետաշեն գյուղի հերոսների և դպրոցի հիմնադիր-տնօրեն Աղվան Եղիազարյանի հիշատակին։ Մենք հպարտ ենք մեր շնորհալի աշակերտի հաջողություններով ու հավատացած, որ նա շատ շուտով կքայլի գիտության նորահայտ բարձունքներով»,-նշել է դպրոցի տնօրենը։