Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Կրեմլի ուշադրության կենտրոնում է
01 Ապրիլի 2026, 19:19
Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պրոռուսական են, հնարավորություն ունենան մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Նա նշել է, որ նման կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ գտնվում են ազատազրկման վայրերում, այն դեպքում, երբ նրանք ունեն ՌԴ քաղաքացիություն։ Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան չի միջամտում Երևանի ներքին որոշումներին, սակայն հույս է հայտնել, որ այս ուժերը կկարողանան ներգրավվել ներքաղաքական գործընթացներում։
Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան։
Նա նաև նշել է, որ Երևանը երբեք չի թաքցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ 2022 թվականին առաջացել է կոնկրետ իրավիճակ, երբ կազմակերպության մեխանիզմները պետք է աշխատեին, սակայն դա տեղի չի ունեցել։
Փաշինյանն ընդգծել է՝ սա է պատճառը, որ այժմ առկա են դժվարություններ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններում։