Հայաստանի ներսում էլ վեճ կա դրանց կիրառման պատեհության հարցում․ Կանադայի դեսպանը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին

31 Հոկտեմբերի 2023, 15:07

Քաղաքականություն

Կանադայի ԱԳ նախարարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգված է 10-ամսյա բլոկադայի, Ադրբեջանի նախորդ ամիս իրականացրած ռազմական օպերացիայի և Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնի տեղահանման հետևանքով հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացմամբ։ Այս մասին Կանադայի խորհրդարանի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովի «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգություն» թեմայով քննարկմանն իր բացման խոսքում ասել է Կանադայում Հայաստանի առաջին դեսպան Էնդրյու Թըրները։

«Կանադան մշտապես կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև բոլոր կողմերին կոչ է արել մասնակցել բանակցություններին՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Կանադան աջակցում է ուժի չկիրառման, երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։ Խաղաղության պայմանագիրն այժմ պետք է նաև երաշխավորի տեղահանված բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը և հարգանք նրանց ունեցվածքի և իրավունքների նկատմամբ»,- ասել է դեսպանը։

Քննարկմանը մասնակցող պատգամավոր Ստեֆան Բերժերոնը Թըրներին հարց ուղղեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին, ինչին ի պատասխան դեսպանը ընդգծեց․ «Անհրաժեշտության դեպքում դրանք կկիրառվեն, սակայն մենք խուսափում ենք դրանից և փորձում ենք խնդիրը դիվանագիտորեն լուծել։ Ավելին, մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որ Կանադան դառնա ԵՄ-ից դուրս առաջին երկիրը, որը կմասնակցի դիտորդական առաքելությանը՝ տեսնելու՝ ինչ է կատարվում սահմանին։ Մենք նաև մեր դաշնակիցների հետ աշխատանքներ ենք տանում հատկապես Բաքվին հստակ տեղ հասցնելու մեր ուղերձը, որ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։

Պատգամավոր Հիզեր Մաքֆերսոնը դեսպանից հետաքրքրվեց, թե որ դեպքում պատժամիջոցերն ավելի լրջորեն կդիտարվկեն։

«Արդյունավետության համար Կանադան ձգտում է պատժամիջոցներ կիրառել մեր գաղափարակիցների հետ համատեղ, այսպիսով պետք է այս հարցով քննարկումներ անցկացվեն մեր դաշնակիցների հետ։ Բացի այդ, այսօր վարչապետ Փաշինյանը կրկին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների հաջող ընթացքի մասին։ Այսպիսով, հարց է, թե արդյոք նման միջոցառումների քննարկման պատեհ պահն է։ Այս հարցը վեճի առիթ է նաև Հայաստանի ներսում»։

Մտահոգիչ է, որ պատժամիջոցների մասին քննարկումները նոր պետք է սկսվեն, երբ 100 հազար բնակչությունը տեղահանվել է, նկատեց պատգամավորը։

Դեսպանի խոսքով՝ դաշնակիցների հետ պատժամիջոցների շուրջ բանակցություններ արդեն իսկ ընթանում են, սակայն «քանի դեռ Հայաստանի կառավարության մոտ տպավորություն կա, որ խաղաղության գործընթացը կարելի է առաջ տանել, մենք չէինք ցանկանա որևէ քայլ անել այդ ջանքերին խոչընդոտելու համար»։

Պատգամավոր Սամիր Զուբերին, շարունակելով պատժամիջոցների թեման, դեսպանից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը դիմել է իրենց Ադրբեջանի դեմ դրանք կիրառելու համար։

«Ոչ։ Ինչպես նշեցի՝ Հայաստանի ներսում էլ վեճ կա այս պահին պատժամիջոցների կիրառման հարցում։ Մենք աջակցության և կոնկրետ քայլեր ձեռնարկելու կոչեր ենք լսել, բայց հստակ գիտակցում կա, որ հիմնական շեշտը պետք է դրվի համաձայնեցված խաղաղության պայմանագրի հասնելու վրա»,- պատասխանեց Թըրները։