Հայաստանի նոր այցեքարտը. Tashir Arena-ն դռները կբացի հոկտեմբերի 25-ին

14 Հոկտեմբերի 2025, 19:38

Մշակույթ

Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հյուրերի առջև։ Ծրագրի կառավարիչ տնօրեն Կարինա Աղաջանովան վստահ է, որ այն կդառնա Հայաստանի այցեքարտը միջազգային հարթակում։

«Tashir Arena-ն յուրահատուկ հարթակ է: Այն կարող է ընդունել մինչև 2000 մարդու: Առաջադեմ մուլտիմեդիա տեխնոլոգիաները, ներառյալ մեփինգը, պրոյեկցիաները, հսկողության համակարգը և շրջանաձև դիտումով էկրանները, պայմաններ են ստեղծում ցանկացած մասշտաբի շոուների համար։ Հատուկ հպարտություն է բեմը, որը նախագծված է հատուկ արենայի համար։ Այն թույլ է տալիս իրագործել ամենահամարձակ գեղարվեստական գաղափարները»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Կարինա Աղաջանովան։

Նրա խոսքով՝ ծրագիրը կարող է մրցակցել աշխարհի առաջատար հարթակների հետ։ «Եվ ես կարծում եմ, որ դրանց մեծամասնությանը մենք կգերազանցենք»,- հավելել է նա:

Ներդրումների ծավալը կազմել է շուրջ 55 միլիոն դոլար։ Շենքը կառուցվել է զրոյից, մակերեսը հասնում է 21 հազար քառակուսի մետրի, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է հին կրկեսի չափերը։ Համալիրն 9 հարկ ունի և հագեցած է ամենաարդիական սարքավորումներով։ Շինարարությունը տևել է մի քանի տարի, ժամկետները շտկվել են՝ կապված համավարակի, մատակարարումների հետաձգումների և Արցախի իրադարձությունների հետ:

«Սա բարձր տեխնիկական բարդության օբյեկտ է։ Նմանատիպ նախագծերը ողջ աշխարհում ժամանակ են պահանջում։ Մենք ստեղծել ենք հարթակ, որը կծառայի սերունդներին»,- նշել է Աղաջանովան:

Tashir Arena-ն կոմերցիոն նախագիծ է, բայց դրա առաքելությունը դուրս է բիզնեսի շրջանակներից։

«Սա պարզապես կրկես չէ։ Սա տարածք է թատրոնի, համերգների, սպորտային միջոցառումների համար։ Մենք ցանկանում ենք, որ այն դառնա երկրի մշակութային և տնտեսական կյանքի մաս»,- պարզաբանել է նա:

Տնտեսական ազդեցությունն արդեն զգալի է։ Ստեղծվել է շուրջ 300 աշխատատեղ, ներառյալ արտիստներն ու տեխնիկական անձնակազմը։ «Մենք լուրջ հարկատու ենք։ Եթե կարողանանք ավելացնել զբոսաշրջային հոսքը գոնե մի քանի տոկոսով, ապա կհամարենք, որ խնդիրը կատարված է»,- ասել է Աղաջանովան։

Գովազդային արշավն արդեն մեկնարկել է Երևանում, առաջիկայում ակնկալվում է մուտք հարևան շուկաներ։ «Ե՞րբ, եթե ոչ հիմա։ Մենք պատրաստ ենք։ Շոուն ստեղծվել է երկուսուկես տարվա ընթացքում։ Հիմա ավարտում ենք վերջին շտրիխները։ Հյուրերին դիմավորելու ժամանակն է»,- եզրափակել է նա: