Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա
16 Մայիսի 2023, 13:55
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում Հայաստանի անվտանգության խորհրդում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն որոշում է կայացվել չանել այդ քայլը։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սաֆարյանը նշել է, որ դա քննարկվել է Անտանգության խորհրդում:
«Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա քննարկվել է Անվտանգության խորհրդում։ Կարծում եմ, որ դա եղել է սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում։ Որոշում է ընդունվել չանել այդ քայլը և շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես գիտեք, այս աշխատանքները շարունակվում են, և մենք դրա մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը բարդ է, և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում է հույս ունենալ, որ իր քայլերը և աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։
«Դեռևս այդ հույսը կա»,- ավելացրել է փոխնախարարը։
Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատական։
«Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են վերսկսվել»,- եզրափակել է Մնացական Սաֆարյանը։