Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց. Զախարովա

06 Մարտի 2024, 15:44

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում.

«Այսօր շատ ենք խոսել Կիևի ռեժիմի ու Ուկրաինայի մասին, որոնց խաբել և «գցել» են այդ արևմտյան ցանցերը։ Հույս ունենանք դա կրկին տեղի չի ունենա Հայաստանի հետ, այն ծանրագույն պատմական ճանապարհ է անցել՝ ցեղասպանությունից սուվերենություն և պայքար սեփական մշակույթի համար։ Այդ երկիրն ու ժողովուրդը արժանի են ապրել խաղաղ ու ոչ մի դեպքում մանրադրամ չդառնալ արևմտյան խարդախ քաղաքական գործիչների ձեռքում։

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում եմ, անկեղծորեն խաղաղություն են ցանկանում Հայաստանին: Այն մեր հարևանն ու բարեկամն է, և մենք խաղաղություն ու բարգավաճում ենք ցանկանում երկրին։ Ցավոք, տեսնում ենք, որ Արևմուտքը, խաղալով ու «գցելով» Ուկրաինային, նոր զոհ է փնտրում և, միգուցե, այդ զոհը կարող է Հայաստանը դառնալ, որին կխաբեն, կդյութեն՝ տարածաշրջանի գլոբալ խաղաղության տեսանկյունից։ »,- ընդգծել է Զախարովան:

Նա ընդգծել է՝ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց.

«Ըստ էության, Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց, բայց պետք է խորքը նայել։ Ցավոք, շատերը չեն մտածում, որ Հայաստանը արևմտյան աշխարհաքաղաքականության խաղալիք են դարձնում և հետո ճակատագրի հեգնանքին թողնում։ Նրանք ամերիկյան ուղիղ պատվեր են կատարում և Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջան մուտքի կետ»,- ասել է Մարիա Զախարովան:

Հիմա եթերում