Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ ու իրավունքների երաշխիքներ չլինեն․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

17 Օգոստոսի 2023, 00:31

Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ ու իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի իրավական դաշտի ներքո։

Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ելույթի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ այս տրամաբանությունը բխում է բազմիցս վերահաստատված՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա։

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22 թթ հայտարարությունները մնում են որպես այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Բաքվի եւ Երեւանի հաշտեցման համար։ Նա ասաց, որ եռակողմ հայտարարության հիման վրա ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց չեն սպառել եւ կարեւորեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը՝ ՌԴ խորհրդակցական աջակցությամբ եւ ճանապարհների ապաշրջափակումը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած ՌԴ-ի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ բանակցությունների ընթացքում մենք իրատեսական կոմպրոմիսներ ենք առաջարկել՝ թոթափելու լարվածությունը, որի շուրջ կողմերը պետք է աշխատեին։ Խոսքը գնում է Աղդամով և Լաչինով զուգահեռ մարդասիրական միջանցք բացելու մասին՝ քաղաքացիական անձանց և ոչ ռազմական բեռների տեղաշարժի համար,, ինչը նախադրյալներ կստեղծի պաշտոնական Բաքվի ու ԼՂ հայկական բնակչության լիազոր ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսություն սկսելու համար։ Ոչ պակաս պահանջված է կողմերի պարտավորությունը՝ զերծ մնալ հումանիտար հարցերը քաղաքականացնելուց»։

Նա հույս հայտնեց, որ գործընթացի բոլոր մասնակետները քաղաքական կամք կցուցաբերեն՝ հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների համար աղետալի իրավիճակը ու կնպաստեն Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով տեւական երկխոսությանը։ ՌԴ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ ճգնաժամն արագորեն հանգուցալուծվի իրենց բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ առաքելությունը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն լինի պարենի դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը: