Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբեն Ռուբինյան

03 Դեկտեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, «Ազատության»-ը փոխանցել է հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել: Վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ` Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:

Օրերս ԵԱՀԿ նախարարական հավաքին մասնակցած Հայաստանի արտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս կարևորել էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման:

«Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ», — «Ազատության»-ը փոխանցել են  Արտաքին գործերի նախարարությունից: