Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ
08 Ապրիլի 2024, 17:23
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։
Սիմֆոնիկ նվագախումբը, որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ‚ կունենա 5 համերգ‚ որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։
Փառատոնի շրջանակներում մայիսի 9-10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» կրկնակի և «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։
Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը‚ որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։
Մայիսի 12-ին կհնչեն գերմանացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր Հանս Ցիմերի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։
Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։
Մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։
Համերգները կկայանան Դուբայի օպերայում։