Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է ֆրանսիական զենքեր ստանալու տեղեկությանը

13 Նոյեմբերի 2023, 16:35

Քաղաքականություն

News.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանին խնդրել է մեկնաբանել Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկայի ուղարկման մասին տեղեկություններն ու լուսանկարները, որոնք տարածվում են տելեգրամյան ալիքներում։ Նշվում է, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ՝ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- նշել է Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։