Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

09 Հունիսի 2023, 16:50

Քաղաքականություն

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

«Միջազգային մաքսային օպերատորների օգտագործումը չի քննարկվել։ Քանի դեռ քննարկումներն ընթանում են, դրանց մանրամասները հայտնելը սխալ կլինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նա։

Բայց, ըստ Գրիգորյանի, բոլոր հարցերը վերաբերում են մաքսային և սահմանային վերահսկողության գործընթացի կազմակերպմանը։ Եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություններ չկան, սակայն հնարավոր է, որ այն կայանա մոտ ապագայում։

Հարցին, թե արդյոք նշանակություն ունի, թե որտեղ է ձեռք բերվում ապաշրջափակման համաձայնությունը՝ Ռուսաստանում, թե Արևմուտքում, Գրիգորյանն ընդգծել է, որ կարևոր է միայն պայմանագրի բովանդակությունը։

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին և Սյունիքի միջոցով հաղորդակցության մասին ադրբեջանական նարատիվները խթանելու փորձերին, ապա Հայաստանը բազմիցս նշել է իր «կարմիր գծերը»։

Փոխվարչապետը նաև մեկնաբանել է ՌԴ ԱԴԾ-ի կողմից Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի սահմանային հսկողության մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետը։ Նրա խոսքով, սա հայ-ռուսական երկկողմ օրակարգի խնդիր է, ոչ թե եռակողմ օրակարգի։