Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր հարևաններից. Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին

05 Հոկտեմբերի 2024, 16:03

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակի՝ խաղաղության պայմանագիրն ստորագրելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարությանը ու այն գնահատել, իբր, միջազգային հանրությանը մոլորեցնելու մանիպուլյացիա։

«Հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը վկայակոչում է այս երկրի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով հաստատվում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համապատասխանությունը և հերքել բոլոր այն պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։

Եթե վերլուծենք այս պնդման վերաբերյալ փաստերը, ապա բավական է հիշել, որ 2010 թ հունվարին, երբ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների համապատասխանության մանրամասն հիմնավորումը, հայկական կողմը չէր հրաժարվել Արևմտյան Հայաստանից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ նշելով, թե ՍԴ-ի որոշմամբ՝ նախաբանը և, հետևաբար, Անկախության հռչակագիրը բնութագրվում է որպես «հայկական պետականության հիմնարար սկզբունքներ», որոնք անփոփոխ են։ Սա, ըստ արհեստածին Ադրբեջանի, մեծացնում ադրբեջանական տարածքների նկատմամբ հայկական պահանջատիրության վտանգը։

Ինչպես արդեն նշել ենք՝ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, ՀՀ սահմանադրությունն ու Անկախության հռակագիրը եւս որեւէ պահանջ չեն ենթադրում։ Վերջին փաստաթուղթը ամրագրում է Արցախի՝ իր պատմական հողում հայկականությունը պահպանելու իրավունքը։