Հայաստանի սահմանների լեգիտիմացման փլուզվող համակարգը
06 Սեպտեմբերի 2023, 23:30
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Հայաստանյան ցանկացած իշխանություն կարող էր 2 ռազմավարական սխալ թույլ տար, որոնք կարող են կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության սահմանների լեգիտիմությունը՝ ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, իսկ Ռուսաստանը հռչակել թշնամի։ Գործող իշխանությունն այս սխալներից երկուսն էլ արել է։ Չեք էլ պատկերացնի, թե հիմա ինչ վտանգ է կախված Հայաստանի գլխին։ Եվ այս ամբողջ ճգնաժամը մեկ կոնկրետ անձի հեղինակած աղետն է, ինչը և ստեղծել է ներկայիս ճգնաժամային իրավիճակը։
Հայաստանի Հանրապետության սահմանների լեգիտիմացման համակարգը ուներ հետևյալ բաղադրիչները.
- Հայաստանի անվտանգային համակարգն ու սահմանների լեգիտիմացումը մի քանի կոմպոնտենտ ունի, առաջինը Խորհրդային Միությունից մեր ստացած ժառանգությունն է։ Փաշինյանը, որն ասում է 29800 քառ․կմ, մենք հասկանում ենք չէ՞, որ խոսքը Սովետական Հայաստանի սահմանների մասին է, այսինքն, մեր անվտանգային համակարգի առաջին կոմպոնենտը իրավունքի ուժն է։
- Հաղթելով Արցախյան Առաջին պատերազմում՝ Հայաստանի Հանրապետությունը, արդեն «ուժի իրավունքով», հետ մղելով Բաքվի ագրեսիան ԼՂՀ-ի դեմ, կարողացավ Արցախի ժողովրդի համար ստեղծել անվտանգության գոտի՝ ներառյալ 7 շրջանները։ ԼՂՀ-ն, զարգանալով որպես լիարժեք պետություն, նաև ռազմաքաղաքական վահան դարձավ հենց Հայաստանի համար՝ պաշտպանելով նրան ադրբեջանական ռազմական ենթակառուցվածքների և կենդանի ուժի առաջխաղացումներից։
- Արցախյան Առաջին պատերազմի արդյունքներով Հայաստանը լեգիտիմ իրավունք ստացավ կառուցելու Երևան-Ստեփանակերտ անվտանգության միասնական համակարգ։ Ռազմաքաղաքական համագործակցության այս մոդելի շրջանակներում երկու պետությունների զինված ուժերը սինքրոնացվել էին։ Այս հանգամանքը, ապահովելով Արցախի սահմանների անփոփոխությունը Ադրբեջանի հետ շփման գծում, իր հերթին ապահովել էր Հայաստանի սահմանի անձեռնմխելիությունը՝ ԼՂՀ հետ շփման ողջ երկայնքով։
- Եվ չորրորդ՝ դա Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերային հարաբերություններն էին, մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր փոխգործակցության մասին պայմանագիրը։ Գյումրիում 102 ռազմաբազայի առկայությունը, Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահների առկայությունը հայ-թուրքական սահմանին:
Այս բաղադրիչներն՝ իրենց ամբողջականությամբ, ապահովեցին 1991 թվականից հետո Հայաստանի սահմանների լեգիտիմությունը։ Սակայն վերջին 4,5 տարվա իրադարձությունները, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, հանգեցրել են նրան, որ լեգիտիմացման համակարգի չորս բաղկացուցիչ տարրերից երեքը կա՛մ ոչնչացվել են, կա՛մ կործանման եզրին են:
Պատմական, աշխարհաքաղաքական պարադոքսը կայանում է «Արևմուտքում խորհրդային ժառանգությունը լեգիտիմացնելու» փորձի մեջ։ Հասկանալով, թե ոչ, բայց խոսելով Հայաստանի մասին միայն «29 800 քառակուսի կիլոմետրի սահմաններում»՝ իշխանությունները փորձում են օրինականացնել «Հայկական ԽՍՀ-ից ժառանգած» սահմանները՝ գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով 4 տարրերից 3-ը, որոնք հիմք են հանդիսացել սահմանների լեգիտիմացման համակարգի համար:
Այս համակարգի քայքայումը պետք է հանգեցնի տարածաշրջանի վերափոխման՝ տարածաշրջանից ռուսական ռազմական ներկայության հետագա դուրսբերումով: Հավաքական Արևմուտքի համար դեռևս 2023 թվականի հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո («102-րդ ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը» ) ակնհայտ դարձավ, որ, նրանք ինստիտուցիոնալ հնարավորություն ունեն վերջ դնել Ռուսաստանի ռազմական ներկայությանը Հարավային Կովկասում՝ Փաշինյանին խոստանալով քաղաքական աջակցություն այն դեպքում, երբ Հայաստանում քաղաքական գործընթացներ սկսվեն այն պահին, երբ իշխանությունները «խոսքից գործի» անցնեն, ու գործողություններ սկսվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ կամ Ռուսաստանի ԱԴԾ 102 բազան դուրս բերելու ուղղությամբ։
Ներկայիս ճգնաժամը, որն ուղեկցվում է ամենօրյա հաղորդումներով ու հրապարակումներով «սահմանի տարբեր հատվածներում թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման» մասին արհեստածին բնույթ ունի, որի համար անձնական պատասխանատվություն է կրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած անձը։