Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման
08 Մայիսի 2023, 17:09
Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն էլ կասկածվում էր ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։