Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ է նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

22 Հուլիսի 2024, 15:34

Սպորտ

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 6 աշակերտներից 4-ը սովորում են Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում, 2-ը՝ «Քվանտ» վարժարանում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ)։

Հիմա եթերում