Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար Բաքուն կարող է դիմել ուժային միջոցների. Անդրեյ Արեշև
22 Օգոստոսի 2024, 22:30
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև Բաքվի կողմից նոր էսկալացիայի հնարավորությանը և ամերիկացիների ակտիվությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Ակնհայտ է, որ այցը բավականին մանրակրկիտ նախապատրաստվել է, որի արդյունքում ստորագրվել են պայմանագրեր տարբեր ոլորտներում, սակայն այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ամենակարևոր կետը էներգետիկ օրակարգն է։
Մենք շատ լավ հասկանում ենք ներկայիս, մեղմ ասած, ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական համատեքստը և այն, որ եվրոպացի գործընկերները հրաժարվում են ռուսական կապույտ վառելիք վերցնել, բայց միևնույն ժամանակ, նման բանակցություններ են ընթանում համաշխարհային էներգետիկ շուկաներ ռուսական կապույտ վառելիք մատակարարելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա ռուս-ադրբեջանական բանակցությունների և ընդհանրապես երկխոսության ժամանակակից օրակարգի կարևոր մասն է։ Ինձ թվում է, որ այդ բանակցությունները զգալի չափով ստվերում են նաև Մոսկվայի միջնորդական դերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կամ այլ համաձայնագրի նախապատրաստման և հիպոթետիկ ստորագրման գործընթացում։ Կարծում եմ՝ կողմերը (Ռուսաստանն ու Ադրբեջանը) կենտրոնանում են նախ և առաջ երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առաջխաղացման անհրաժեշտության վրա, որը նույնպես բավական մեծ կարևորություն ունի ռուսական կողմի համար», — ասել է Արեշևը։
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ փորձագետը նշել է, որ ռուսական կողմը միշտ առաջարկում է իր ծառայությունները:
«Մենք գիտենք, որ 2020 և 2021 թվականներին ստեղծվել է նույնիսկ եռակողմ հանձնաժողով, որը մի քանի անգամ հավաքվել է, և ռուսական կողմն առաջարկել է կենտրոնանալ այն հարցերի վրա, որտեղ երկրներն ավելի քիչ հակասություններ ունեն։ Սակայն, ինչպես հասկանում ենք, իններորդ կետի իրագործումը բախվել է ամենատարբեր խնդիրների ու հակասությունների համալիրի», — ընդգծել է Արեշևը։
Ինչ վերաբերում է Բաքվի կողմից հակամարտության նոր էսկալացիայի հավանականությանը, ապա փորձագետը հայտարարել է. «Ինձ թվում է, որ Բաքուն, անշուշտ, ճնշում է հայկական կողմին և դիմում տեղեկատվական-հոգեբանական ճնշման տարբեր ձևերի, իսկ որոշ տեղերում նույնիսկ ռազմական։ Դա միշտ էլ եղել է: Հայաստանում, կարծում եմ, դժվար թե պատճառ լինի ինչ-որ կերպ թեժացնել սահմանային լարվածությունն այն պայմաններում, որում այժմ գտնվում են Հայաստանի գործող իշխանությունները։ Մյուս կողմից, այստեղ չի կարելի բացառել որոշակի համաձայնեցված խաղեր, որոնք ուղղված են այս կամ այն մարտավարական հարցերի լուծմանը։
Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային և, այսպես ասած, լարվածության հետագա սրմանը, ապա ամեն ինչ, իհարկե, կարող է տեղի ունենալ։ Ինձ թվում է, որ Ադրբեջանում կարող են ճնշման ինչ-որ ուժային միջոցների դիմել, եթե մտածեն, որ հայկական ղեկավարությունը բավականաչափ ընկալունակ չէ իր պահանջների նկատմամբ»։
Խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի ակտիվության մասին՝ փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ը բավականին հետևողական է Ռուսաստանի ազդեցության ոլորտից Հայաստանի և Ադրբեջանի դուրս գալը խթանելու իր քաղաքականության մեջ:
«Ինձ թվում է, որ արևմտյան գործընկերները կաջակցեն Հայաստանի այն ուժերին, որոնք իրենց ձեռնտու են, կնպաստեն գործող կառավարության իշխանության պահպանմանը կամ, ասենք, երկարացմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգների դեսպանը բավականին ակտիվ փորձում ազդել Հայաստանի Հանրապետության որոշ ներքաղաքական գործընթացների վրա: Հնարավոր է, որ նրան սպասեին որոշ մարդիկ, որոնք գաղափարապես, այսպես ասած, «Սուրբ Արևմուտքի» հանդեպ հավատքի աղանդի և նրա բարի մտադրությունների վկաներն են։ Բայց մենք հասկանում ենք, որ իրականությունը փոքր-ինչ հեռու է այդ բարեսիրտ սպասումներից։ Ես կարծում եմ, որ ամերիկացի գործընկերները բավականին հետևողական են Ռուսաստանի ազդեցության ոլորտից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դուրս գալը խթանելու իրենց ուղեգծում։
Նախկին Խորհրդային հանրապետություններում ամերիկացիների նման ակտիվությունն այժմ կապված է նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանի, որքան Չինաստանի հետ, տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու նրա հնարավոր մտադրության հետ։ Դա շատ լավ երևում Է Վրաստանի օրինակով», — եզրափակել է Արեշևը։ Հարցազրույցի ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ում և Վրաստանում կայանալիք ընտրությունները և թե ինչպես դրանց արդյունքները կանդրադառնան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: