Հայաստանի վրա խաղադրույք չեն անի՝ առանց Վրաստանի, որի հետ կոմունիկացիան անխուսափելի է․ Հակոբ Բադալյան

05 Ապրիլի 2024, 22:28

Քաղաքականություն

Քաղաքական ուժերի ու հասարակության միջև կա կոմունիկացիայի խնդիր։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Հասարակության մեծ մասը բավականին ադեկվատ գնահատում է այս պրոցեսների ռիսկերը։ Պրոցեսներն էլ արդեն շատ թափանցիկ ու դինամիկ են դարձել, շատ բաներ տեսանելի են։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական կապիտալի վերացող ուժերի ճգնաժամ կա Հայաստանում։ Այստեղ է խնդիրը․ ոչ թե հասարակությունը չի հասկանում ու չի գնում քաղաքական որևէ ուժի հետևից, այլ այդ ուժերի ու հասարակության միջև կոմունիկացիայի խնդիր կա, որը պայմանավորված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով։

Եթե տեսնում ենք, օրինակ, հասարակության մոտ 60-70 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական ուժի ու իրեն հեռու է պահում քաղաքականությունից, սա, կարծում եմ, ադեկվատության գնահատականն է։ Եթե մարդիկ բաժանված լինեին քաղաքական տարբեր ուղղությունների, մենք դա կտեսնեինք սոցիոլոգիական պատկերով։ Բայց հասարակության մեծ մասը դուրս է այս ամենից, որովհետև հասկանում է՝ այս ամենը չի արտահայտում այն խնդիրները, որ կան Հայաստանի առաջ ու պահանջում են լուծումներ»,- նշել է քաղաքական մեկնաբանը։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ այսօր որքան շատ քննարկվի ռուսամետ-արևմտամետ կողմնորոշումը, այնքան Հայաստանը հետ կմնա համաշխարհային զարգացումից։

«Ապրիլյան պատերազմից հետո հոդվածներով խոսում էի այն մասին, որ եթե մեր հասարակական, քաղաքական կյանքն իր բովանդակությամբ մնա Արևմուտք, թե Ռուսաստան ծիրում, մենք էապես հետ ենք ընկնելու համաշխարհային զարգացումներից, որովհետև աշխարհում փոփոխություններ են լինում։ Մենք, ցավոք սրտի, մնացինք և առ այսօր էլ այդ ծիրում ենք։ Խնդիրը արևմտամետ կամ ռուսամետ լինելը չէ, խնդիրն այն է՝ ինչպիսի խոսակցություն կծավալեն քաղաքական ուժերը հասարակության հետ Հայաստանի ներսում անելիքների, քաղաքական, տնտեսական և այլ բովանդակություն ձևավորելու ուղղությամբ»,- ընդգծել է Հակոբ Բադալյանը։

Նա նաև նշել է՝ Հայաստանում չկա հասարակական ներուժ, որից էլ օգտվում են աշխարհաքաղաքական կարևոր խաղացողները։

«Հայամետությունը, եթե պայմանական ձևակերպենք, այն է՝ ինչքանով ենք խոսում մեր ներքին անելիքների մասին, ինչքանով ենք մի կողմ դնում ՝մեզ ով է փրկելու, ով է օգնելու, Հայաստանում իշխանության գալ կամ այլ բաներ անել, այլ մենք մեզ որքանով կարող ենք ստեղծել Հայաստանում՝ որպես բովանդակություն, որի հետ արդեն հաշվի կնստեն բոլոր աշխարհաքաղաքական ուղղությունները։ Կարող են համաձայն չլինել, կարող են արմատապես այլ մոտեցում ունենալ, բայց եթե տեսնեն, որ Հայաստանում կա քաղաքական պրոցես, բոլորը հաշվի կնստեն դրա հետ։

Բոլորը շահագրգռված են, որ Հայաստանում այդպիսի պրոցես չլինի։ Աշխարհաքաղաքական կենտրոնները, կայսրությունները, որ աշխարհը բաժանելու համար կռիվ են անում, իրենց ձեռնտու չէ մի ավելորդ սուբյեկտի հետ գործ ունենալ։ Ու եթե Հայաստանը քայլ չի անում սուբյեկտիվություն ունենալու, ավելի լավ է իրենց համար»,- ասել է մեր զրուցակիցը։

Քաղաքական մեկնաբանը միաժամանակ ասաց, որ Հայաստանի վրա չեն կարող խաղադրույք անել առանց Վրաստանի։

«Վրաստանի հարցը կա, այլ հարց է, թե ինչպիսի ռեժիմում է այն։ Վրաստանի՝ վերջին տարիների քաղաքականությունը ցույց տվեց, որ այնտեղ բավականին մտահոգություններ ու ռիսկեր կան։ Վրաստանում հիմա ընտրություններից առաջ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություններով փորձ է արվում Արևմուտքի հետ առևտրի դաշտ բացել, օրենքներ են բերում, որոնք արևմտյան նարատիվներին դեմ են, սա նշանակում է, որ այդ հարցում ակնհայտ կծավալվի ինչ-որ պրոցես։ Եթե Հայաստանի վրա անգամ կատարվի ինչ-որ խաղադրույք, դա չի կարող ծավալվել առանց Վրաստանի, որի հետ կոմունիկացիան անխուսափելի է լինելու»,- ընդգծել է Հակոբ Բադալյանը։

Նա երկու պատճառ է նշել, թե ինչու է հենց Հայաստանը հայտնվել Արևմուտքի «թիրախում»․
Այս պահին, ըստ նրա, Հայաստանի հարցը առաջ է եկել երկու պատճառով․ նախ՝ Կովկասում ամենաթեժ ու սուր կոնֆլիկտն առնչվում էր Հայաստանին, նաև կար Արցախի հարցը։

«Բացի դրանից Հայաստան-Ռուսաստան առանձին հարաբերությունները եթե դիտարկենք, սրանք իսկապես Ռուսաստանի համար բավականին բազմաշերտ հարաբերություններ են, այդ թվում՝ Ռուսաստանին հարվածելու համար։ Այս հանգամանքները, բնականաբար, բերում են նրան, որ Հայաստանի հանդեպ կատարվում է այդ ընտրությունը։ Նկատի ունենանք, որ Հայաստանի հանդեպ այս քաղաքականությունը առավել մեծ թափով ծավալվեց այն ժամանակ, երբ Արցախը հայաթափվեց, էթնիկ զտման հետևանքով Արցախի հարցը դուրս եկավ մեջտեղից ու դա Հայաստանի հանդեպ ավելի անկաշկանդ քաղաքականության դաշտ բացեց, որովհետև զգալիորեն չեզոքացրեց Ադրբեջանի հետ որևէ դիմակայության ռիսկ, նկատի ունեմ արևմտյան խաղացողների վարքագիծը»,- եզրափակել է Հակոբ Բադալյանը։