Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հիասթափեցնող է. Ալեքսեյ Մուխին
15 Հոկտեմբերի 2024, 00:10
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Մոսկվա կատարած այցը:
«Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, մեղմ ասած, հիասթափեցնող է։ Եվ դժվար է բացատրել այն գործընկերության տեսանկյունից, որում գտնվում է Հայաստանը Ռուսաստանի հետ թե՛ ՀԱՊԿ, թե՛ ԱՊՀ, թե՛ այլ ձևաչափերում, հատկապես Եվրասիական տնտեսական միությունում»,- ընդգծել է փորձագետը։
Մուխինի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը եկել է Մոսկվա, նա իր ծրագրերը ստուգում է Արևմուտքի երկրների հետ։
«Ինձ մոտ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը եկել է Մոսկվա, քանի որ չի կարողացել չգալ։ Նրա բացակայությունը մարտահրավեր կլիներ այն ձևաչափերին, որոնց նա մասնակցել է: Բայց նա նախընտրում է որոշ տարածաշրջանային հարցեր լուծել Եվրամիության, ֆրանսիացիների, ամերիկացիների հետ, բայց ոչ իր անմիջական հարևանների՝ Ադրբեջանի և առավել ևս Ռուսաստանի հետ»,- ասել է Մուխինը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, Ալեքսեյ Մուխինը նշել է, որ դրա արդիականությունը փոխվել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա այն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի։ Ինչպես հասկացա, հայկական կողմը որոշեց զիջել։ «Զանգեզուրի միջանցքը» ավելի նուրբ և հակասական դեպք է, որտեղ կապված են ոչ միայն երկու կողմերի շահերը։ Ուստի կողմերը գտնվում են շատ ուժեղ ճնշման տակ։ Այստեղ շատ բան կախված է աշխարհաքաղաքականությունից, թե ինչ իրավիճակում կհայտնվի Չինաստանը, ինչ իրավիճակում կհայտնվի Իրանը մոտ ապագայում։
Կարծում եմ, որ «խոչընդոտը» պայմանավորված է հենց նրանով, որ այս փուլում իրավիճակը շատ բարդ է՝ կապված մերձավորարևելյան հակամարտության հետ։ Եվ երկրները որոշակիորեն հետաձգեցին ու սառեցրին այս հակամարտության լուծումը»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը։