Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը. Դմիտրի Ռոդիոնով
09 Ապրիլի 2024, 22:00
Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը չմասնակցելը:
«Դա տեղավորվում է այն քաղաքականության ընդհանուր կտավի մեջ, որը կայանում է Ռուսաստանի հետ կապից աստիճանաբար հեռանալու մեջ։ Հասկանալի է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ որպես իրապես աշխատող, իրապես գործող կառույցների։ ԱՊՀ կառույցն ինքնին ստեղծվել է բացառապես նախկին խորհրդային հանրապետությունների բաժանումը մեղմելու համար, դրա շրջանակներում ընդունվել են մի շարք համաձայնագրեր, որոնք գործում են բոլոր մասնակիցների համար», — ընդգծել է Ռոդիոնովը։
Նա միաժամանակ նշել է՝ բոլորովին զարմանալի չէ, որ Ռուսաստանի հետ կապը խզելու ընդհանուր միտման ֆոնին Հայաստանը փորձում է նաև հեռանալ ԱՊՀ-ից, որը հանրային գիտակցության մեջ ներկայացվում է որպես ինչ-որ կառույց, որը վերահսկում է Ռուսաստանը։
«Բոլոր երկրները, որոնք հեռանում են ԱՊՀ-ից և նույնիսկ դուրս են գալիս այդ կազմակերպության կազմից, դա նրանց համար բավական խորհրդանշական քայլ է, Ռուսաստանից էլ ավելի հեռանալու քայլ։ Բայց հենց այս սիմվոլիզմի մեջ է ամեն ինչ: Այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է ցույց տա, որ փոխվել է արտաքին քաղաքական վեկտորը, այժմ տեղի է ունենում վերակողմնորոշում Եվրասիական վեկտորից՝ ռուսամետից, դեպի Արևմտյան վեկտոր։ Այդ պատճառով մասնակցությունը տարբեր ձևաչափերին, որոնք ստեղծվել և ուղղորդվում են Ռուսաստանի կողմից, նրանց համար նպատակահարմար չեն համարվում», — եզրափակել է Ռոդիոնովը։