Հայաստանի ղեկավարությունը ուրախությամբ հրաժարվում է իր ազգային շահերից՝ դա ներկայացնելով որպես ձեռքբերում. Բեզպալկո
04 Օգոստոսի 2025, 21:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիր են ստորագրելու:
«Դա բացառապես բխում է Թրամփի շահերից, որն ամենուր իրեն ներկայացնում է որպես գլխավոր հաշտարար և միավորող։ Նա հաշտեցրեց Հնդկաստանին և Պակիստանին, Թաիլանդին և Կամբոջային, բայց ոչ մի կերպ նրան չի հաջողվում հաշտեցնել Ուկրաինային և Ռուսաստանին: Ինչո՞ւ հենց հիմա: Միգուցե նրանք փորձում են դա անել ԱՄՆ-ի ճնշման ներքո, որպեսզի պարզապես բարելավեն Թրամփի իմիջը։ Բայց այս դեպքում կհաղթի նախ Թրամփը, հետո Ադրբեջանը։ Եվ ամենաքիչ շահած կամ ընդհանրապես պարտվող կողմերի թվում կլինեն Հայաստանը և, իհարկե, մասամբ Ռուսաստանը։
Հայաստանն, այսպես ասած, կհրաժարվի իր շահերից՝ ներառյալ «Զանգեզուրի միջանցքի» թույլտվությունը՝ այն բոլոր պայմաններով, որոնք պահանջում էին Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Ռուսաստանը կկորցնի ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում՝ կորցնելով ևս մեկ ճանապարհ։ «Զանգեզուրի միջանցք»-ը կվերածվի զարկերակի, որը, նախ, կկտրի Հայաստանը և Ռուսաստանն Իրանից, և երկրորդ՝ դա հզոր միջոց կլինի Կասպյան տարածաշրջան նյութատեխնիկական միջոցներ, մարդիկ տեղափոխելու համար, և ընդհանրապես, դա կլինի Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի իրացումը Կասպյան տարածաշրջանում», — ասել է Բեզպալկոն։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շահագրգռված է նրանով, որ հնարավորինս ամենուր տեղավորվի հնարավորինս մեծ շահույթ ստանա։
«Սակայն Միացյալ Նահանգների համար գլխավոր շահույթը Կասպից ծովի տարածաշրջան մտնելն է, «Զանգեզուրի միջանցքով» ճանապարհից գումար ստանալը։ Իհարկե, լավ է, բայց դա չնչին է, իսկ ահա Կենտրոնական Ասիայի Կասպից ծովի տարածաշրջան մտնելը, որը Միացյալ Նահանգները վաղուց հայտարարել է իր ռազմավարական շահերի գոտի, շատ ավելի կարևոր է»,- նշել է Բեզպալկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը ապշեցնում է նրանով, որ ժպիտով և ուրախությամբ հրաժարվում է իր ազգային շահերից և միևնույն ժամանակ այս ամենը ներկայացնում որպես մեծ ձեռքբերում: