Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի, թե որ աթոռին է նստած․ Ելենա Պանինա

Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այս հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի բացակայությունը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրությունը։

«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, շարունակում է մնալ գործընկեր և բարեկամ երկիր Ռուսաստանի համար, ամեն դեպքում, ներկա է բարեկամական երկրների ցանկում, բայց մյուս կողմից՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի՝ արդյոք այն կողմում է, որն այսօր անվանում ենք Գլոբալ հարավ, թե՞ միանալու է հավաքական Արևմուտքին՝ կարգավիճակ ստանալու համար։ Խոսքը կարգավիճակի մասին է, որն այսօր ունեն Մերձբալթյան երկրները։ Բայց ԵՄ հովանավորչության տակ գտնվելն ու ԵՄ հիմնադրամներից գումար ստանալն այդքան էլ լավ կարգավիճակ չէ։ Իսկ նույն ԵՄ-ի ռազմատենչ քաղաքականությանն աջակցելը, ներառյալ նույնիսկ անմիջական մասնակցությունը որոշ ռազմական գործողությունների, պահանջում է վճարել այդ դաշինքին անդամակցելու համար։

Չեմ կարծում, որ դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ուստի, կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ որոշի, թե որ աթոռին է նստում»,-ասել է Պանինան։

Անդրադառնալով Մոսկվայում կայացած միջազգային անվտանգության հանդիպմանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի չներկայանալուն՝ փորձագետն ասել է, որ դա լավ չէ, քանի որ այս հանդիպումները հավաքական անվտանգության պահպանման գործնական փորձի փոխանակում են։

«Կարծում եմ, որ դա այնքան էլ լավ չէ, քանի որ այս համաժողովին ներկա է ավելի քան 120 պետություն, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այստեղ կա մի հետաքրքիր տեսական կողմ․ քննարկվում են բազմաբևեռ աշխարհի վերականգնման, եվրասիական անվտանգության վերականգնման հետ կապված ժամանակակից հարցեր, քանի որ եվրաատլանտյան անվտանգությունn, ինչպես մենք այսօր հասկանում ենք, բոլորին տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։

Այսօր խոսքը Եվրասիական անվտանգության ձևավորման մասին է, ներառյալ, Արևմտյան Եվրոպան, որը նաև Եվրասիական մայրցամաքի մաս է կազմում։ Նման համաժողովները օգտակար են և անհրաժեշտ։ Հուսով եմ՝ այս իրավիճակն անցողիկ է, ժամանակավոր, և հայ ժողովուրդն անպայման կլինի երկրների շարքում, որոնք այսօր մեծ մասամբ դիմակայում են համաշխարհային չարիքին, որը, ցավոք, գալիս է արևմտյան որոշ երկրներից»,- եզրափակել է Պանինան։