Հայաստանի ղեկավարությունը վախենում է, որ «Ռոսատոմ»-ի հետ նոր նախագիծը կընկալվի որպես մերձեցում ՌԴ-ի հետ. Իգոր Յուշկով

26 Սեպտեմբերի 2025, 20:23

Կարծիք | Քաղաքականություն

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակի և Երևանի դիրքորոշման մասին։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մտավախություն ունի, որ եթե «Ռոսատոմ»-ի հետ սկսի իրականացնել նոր խոշոր նախագիծ՝ ոչ թե պարզապես գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում, այլ նոր կայանի կառուցում, լինի դա փոքր ԱԷԿ, թե լիարժեք ատոմային էլեկտրակայան, ապա միջազգային հանրության կողմից դա կընկալվի որպես Հայաստանի և Ռուսաստանի մերձեցում։ Իսկ հենց դրանից է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ձգտում խուսափել։ Ընդհակառակը, նա ամեն կերպ ցույց է տալիս Ռուսաստանից հեռացում և դեպի եվրաինտեգրում, համագործակցություն հավաքական Արևմուտքի հետ։

Ուստի այսօր ընտրվել է սպասողական դիրքորոշում։ Մի կողմից, Հայաստանին և Ռուսաստանին կապում է երկարամյա համագործակցությունն ատոմային ոլորտում։ Գործող էներգաբլոկի վերջին արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը դրա վկայությունն են։ Տեխնիկական կապերը հաստատված են, մասնագետները լավ ճանաչում են միմյանց, կուտակվել է համատեղ աշխատանքի զգալի փորձ։

Ռուսական նախագիծն օբյեկտիվորեն առավել շահավետ է թվում ՝ ինչպես արժեքով, այնպես էլ անվտանգության և որակի մակարդակով։ «Ռոսատոմ»-ը համաշխարհային առաջատար է ատոմային տեխնոլոգիաների, ԱԷԿ-ների կառուցման և միջուկային վառելիքի մատակարարման շուկայում»,- ասել է Յուշկովը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը, մի կողմից, չի ցանկանում համագործակցել Մոսկվայի հետ նման ռազմավարական հարցում, իսկ մյուս կողմից՝ հասկանում է ռուսական նախագծի առավելությունները։

«Ղազախստանում վերջերս անցկացված մրցույթն ապացուցեց դա. չնայած երկրի ղեկավարության կասկածներին, «Ռոսատոմ»-ը հաղթեց և գլխավորեց Ղազախստանի առաջին ԱԷԿ-ի կառուցման կոնսորցիումը։ Նմանատիպ սցենար կարող էր իրականացվել նաև Հայաստանում. Ռուսաստանի առաջարկն ամենառացիոնալն է։

Փաշինյանը, մի կողմից, չի ցանկանում համագործակցել Մոսկվայի հետ նման ռազմավարական հարցում, իսկ մյուս կողմից՝ հասկանում է ռուսական նախագծի առավելությունները։ Այդ իսկ պատճառով նա սպասում է այլընտրանքային առաջարկների՝ ամերիկյան, ֆրանսիական, հարավկորեական կամ ճապոնական ընկերություններից։ Շուկայում մրցակցությունն իսկապես բարձր է։ Կա ևս մեկ հնարավոր դերակատար՝ Չինաստանը, որն ակտիվորեն ԱԷԿ-ներ է կառուցում տարբեր երկրներում։ Չինական նախագիծը նույնպես կարող է գրավիչ լինել։ Բայց այն ևս Արևմուտքում կընկալվի որպես Երևանի «շրջադարձ», ինչպես ռուսականը։ Սա հայկական ղեկավարությանը դնում է երկակի դրության մեջ. շահավետ է՝ այո, բայց քաղաքականապես ռիսկային։

Ժամանակը գնալով քչանում է։ Ատոմային էլեկտրակայանների կառուցումը տարիներ է տևում։ «Ռոսատոմ»-ը եզակի ընկերություններից է, որը, որպես կանոն, պահպանում է ժամկետները։ Բելառուսի օրինակը ցուցիչ է. աշխատանքները սկսվել են 2012 թվականին, իսկ արդեն 2020-ին առաջին էներգաբլոկը հոսանք է տվել. ընդամենը ութ տարի։ Հայաստանին նույն տեմպը կենսականորեն անհրաժեշտ է։ Մինչև 2036 թվականը գործող էներգաբլոկը կշահագործվի։ Իդեալական սցենար կլիներ, եթե նոր էներգաբլոկը՝ նվազագույնը նույն հզորության, իսկ ավելի լավ՝ ավելի հզոր, գործարկվեր անմիջապես, առանց «միջուկային դադարի»։ Հակառակ դեպքում, երկիրը կբախվի էլեկտրաէներգիայի պակասի, ստիպված կլինի ավելացնել ներմուծումը, ինչը կհանգեցնի էներգիայի արժեքի ավելացման և լուրջ հարված կլինի տնտեսությանը»,- եզրակացրել է Յուշկովը։