Հայաստանից արցախցիների արտահոսք կա․ Հակոբ Հակոբյան

24 Նոյեմբերի 2023, 22:48

Քաղաքականություն

Հայաստանից արցախցիների արտահոսք կա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ և համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Հայաստանից արցախցիների արտահոսք կա, որովհետև մարդիկ, որոնք տեղափոխվում են մեր հայրենիքի հայաստանյան հատվածը, միշտ չէ, որ կարողանում են բնակության մինիմալ կարիքները հոգալ՝ սկսած բնակարանային հարցերից, վերջացրած՝ սոցիալական հարցերով։ Եթե նաև հնարավորություն կա, Հայաստանից դուրս բարեկամական կամ այլ կապեր կան, ցավոք սրտի, արցախցիները նախընտրում են դուրս գալ Հայաստանի Հանրապետութունից։

Սա շատ վտանգավոր և անհանգստացնող խնդիր է, որովհետև կարծում եմ՝ այն 150 հազար արցախցիներս, որ Արցախից բռնի տեղահանվեցինք Հայաստան, պիտի կարողանանք գտնել մեզ ՀՀ-ում, քանզի մեր հայրենիքի հայաստանյան հատվածը մենք պետք է ընդունենք որպես հայրենիք ու մեզ այստեղ պիտի զգանք ոչ թե որպես հյուր, այլ տանտիրոջ կարգավիճակով»,- նշել է Հակոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է պայմաններ ստեղծվեն Արցախ վերադառնալու համար․

«Բոլորիս սրտում այն բաղձալի փափագն ու միտքը կա, թե արդյոք հնարավոր է վերադառնալ Արցախ և երբ ենք մենք վերադառնալու։ Ավելի շուտ, խնդիրը ոչ թե վերադառնալ կամ չվերադառնալն է, այլ այն, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ։ Ցավոք, այս պահի դրությամբ վերադարձի այն պայմանները չկան, որը հնարավորություն կտա գնալ մեր հայրենի տներ։ Պետք է աշխատանքները հենց այդ ուղղությամբ տարվեն, որպեսզի կարողանանք հնարավորություն ունենալ վերադառնալ մեր հայրենիք։

Դա միայն արցախցիներին չի վերաբերվում, քանի որ Արցախ վերադառնալը համայն հայ ազգի խնդիրն է ու դրա իրավունքը պիտի ունենա ողջ հայ ազգը, ոչ թե միայն Արցախում բնակվողը»,- եզրափակել է Հակոբ Հակոբյանը։