Հայաստանին և Ադրբեջանին միջազգային միջնորդ է պետք. եվրապատգամավոր
10 Հուլիսի 2025, 23:45
Հայաստանին և Ադրբեջանին միջազգային միջնորդ է պետք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի Ավստրիայից պատգամավոր Հելմուտ Բրանդշտետերը՝ մեկնաբանելով ադրբեջանական հասարակությունում հայերի դեմոնիզացիան:
«Ես կարծում եմ, որ Եվրոպայում և այլ երկրներում կգտնվեն բավարար մարդիկ, որոնք կարող են աջակցել գործընթացին։ Վստահ եմ նաև, որ Ավստրիայում կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն դա անել։ Կարծում եմ, որ դա կարևոր է: Եվ ես գտնում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա՝ իրենց նույնպես բարեկամներ են պետք, համագործակցության համար գործընկերներ են պետք, որովհետև Ռուսաստանն իրենց բարեկամ չէ։ Եվ նրանք վերջապես հասկացան դա:
Մենք այս շաբաթ խոսեցինք մեկ այլ տարածաշրջանի՝ Բալկանների դժվարությունների և այն մասին, թե ինչ կարող ենք անել ապագային նայելու համար։ Պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, պետք է դա իմանանք և նայենք ապագային: Ինչ կարող ենք անել հաջորդ սերնդի համար, որպեսզի նրանք ավելի լավ կյանք ունենան: Քանի որ միմյանց հետ կռվելը սարսափելի է: Եվ մենք դա գիտենք մեր եվրոպական պատմությունից, դուք դա գիտեք ձեր պատմությունից: Ուստի միակ ճանապարհը միասին աշխատելն է, դա անել հանուն հաջորդ սերնդի», — ասել է նա։