Հայաստանին և Ռուսաստանին անհրաժեշտ է նոր և խորը երկխոսություն՝ հիմնված առկա պայմանավորվածությունների վրա. Բագրատ Սրբազան

07 Հունիսի 2024, 19:32

Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա է ճգնաժամ: Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի պայմանագրային իրավահարաբերություններ, որոնք այսօր լավ վիճակում չեն: Չնայած այն հանգամանքին, որ մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, այդ բոլոր հարաբերությունները պետք է հասցվեն համապատասխան պայմանագրային պայմանավորվածությունների մակարդակին և նորմալ հունի մեջ մտնեն։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պահանջում են չափազանց խորը երկխոսություն և փոխըմբռնում։ Այս փուլում մենք գտնվում ենք այդ հարաբերությունների բացակայության վիճակում։ Խնդիրները շատ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման և երկխոսության մակարդակով»,- նշել է նա։