Հայաստանին «եվրածուղակով» գայթակղելու փորձը հսկայական խնդիրների կհանգեցնի հանրապետության համար. Վիտալի Միլոնով

31 Հունվարի 2025, 22:30

Քաղաքականություն

https://www.youtube.com/embed/HeR4m6VWkkw

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հավանականությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը վերանայելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն, թե Հայաստանը ինչ պետք է սպասի Դոնալդ Թրամփի նախագահությունից։

Ըստ պատգամավորի՝ Եվրասիական տնտեսական միությունը և ԵՄ-ն տարբեր տնտեսական համակարգեր են, և եվրաինտեգրումը նշանակում է խզում եվրասիական ինտեգրացիայից։

«Հայաստանի իշխանությունները հույսը դնում են մարդկանց խաբելու և Եվրամիությանն անդամակցելու քաղցր երազանքներ խոստանալու վրա, հանուն որոնց բնակչությունն, ըստ երևույթին, պետք է աջակցի Հայաստանի ներկայիս իշխանությունների հատուկ հակահայկական դիրքորոշմանը։ ԵՄ-ին անդամակցելուց ոչ մի առավելություն Հայաստանը հաստատ չի զգա, բայց այն, որ ցանկանում են նվազեցնել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրոք, ծանր հետևանքներ կունենա։

Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ունեն տարբեր տնտեսական համակարգեր, և եվրաինտեգրման ցանկությունը նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը կոչ է անում երկրի գործարարներին դադարեցնել փող աշխատել և սպասել Բրյուսելի հետ շահավետ փոխհարաբերությունների։ Իսկ ինչպիսի հարաբերություններ կլինեն, ինչպես և որտեղ կգտնեն ոսկու հանքը, ես անձամբ չգիտեմ։

Այո, եվրաինտեգրումը նշանակում է խզում այլ ինտեգրացիաներից։ Հայաստանի տնտեսական ցուցանիշների դրական միտումները, որոնք մենք տեսնում ենք, բխում են հենց Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններից, և ոչ հակառակը։ Ռուսաստանը Հայաստանին քաղաքական պահանջներ թելադրո՞ւմ է։ Ոչ, իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Ի տարբերություն, ի դեպ, Եվրամիության, որը կստիպի Հայաստանին գնալ նույն ճանապարհով, ինչ ստիպեց այլ երկրների անել։ Բայց ամենավտանգավորն այն է, որ Հայաստանին «եվրածուղակով» գայթակղելու փորձը հսկայական խնդիրների կհանգեցնի հանրապետության համար, որոնց Հայաստանը չի դիմանա։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը սահմաններ ունի հարևանների հետ, որոնք բազմիցս բավականին ագրեսիվ դիրքորոշում են ցուցաբերել»,- ասել է Միլոնովը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանն, ապա, ըստ պատգամավորի, ցեղասպանության հարցը վերանայելը նույնն է, ինչ դավաճանել այս ոճրագործության զոհերի հիշատակը։

«Հայոց ցեղասպանության հարցը միջազգային մակարդակով ճանաչված պատմական փաստ է։ Ցեղասպանության հարցը վերանայելը նույնն է, ինչ դավաճանել այն միլիոնավոր հայերի հիշատակը, որոնք սարսափելի ագրեսիայի զոհ են դարձել։ Ցավոք, ցանկացած մարդ, ով գիտի համաշխարհային պատմությունը, 20-րդ դարում ֆաշիզմի առաջացման պատմությունը, գիտի, որ ֆաշիզմը սկսվել է Օսմանյան կայսրությունից»,- ընդգծել է Միլոնովը։

Խոսելով նոր նախագահի գալով Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների մասին՝ պատգամավորն ասել է, որ Դոնալդ Թրամփը Հայաստանի հետ գործ չունի:

«ԱՄՆ վարչակազմի հետ բոլոր համաձայնագրերի գինը հստակ տեսանելի է բոլորին։ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ երբ նրանց ինչ-որ բան պետք է, նրանք քեզ կխոստանան, դու լուրջ քայլերի կգնաս, իսկ հետո բոլորը ինչ-որ տեղ կանհետանան, և դու կմնաս այդ խնդիրների հետ։ Դոնալդ Թրամփը Հայաստանի հետ գործ չունի. նա հսկայական խնդիրներ ունի Միացյալ Նահանգների ներսում։ Խնդիրներ ունեն սահմանների հետ, միլիոնավոր միգրանտներ արյուն են ծծում ամերիկյան տնտեսությունից և խաթարում ամերիկացիների անվտանգ կյանքը»,- եզրափակել է Միլոնովը։