Հայաստանին «պարկով կատու» են վաճառում. Անպիլոգովը՝ մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ առաջարկի մասին

16 Փետրվարի 2026, 22:30

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի ծրագրերը։

Փորձագետի կարծիքով՝ նման համալիրների տեխնոլոգիաները դեռ չեն անցել ժամանակի փորձությունը, և դրանց կառուցումը կարող են խնդիրներ առաջացնել երկրներում, որտեղ այդ կայանները կկառուցվեն։

«Մոդուլային ատոմային էլեկտրակայանների բոլոր այս նախագծերը դեռևս մնում են միայն թղթի վրա։ Դրանք դեռևս «մետաղի մեջ» չեն, չեն կառուցվել, և առայժմ դրանք սոսկ նախնական էսքիզային նախագծեր են։ Հետևաբար փաստացի Հայաստանին «պարկով կատու» են վաճառում, ավելին՝ առաջարկում են դառնալ «փորձաճագար» այդ մոդուլային էներգաբլոկերի կարգավորման հարցում, որոնք դեռևս ոչ մի տեղ գոյություն չունեն։

Սովորաբար, այսպես կոչված, բարեխիղճ պրակտիկան կայանում է նրանում, որ ատոմակայաններ արտադրող երկիրն առաջին փորձնական նմուշը միշտ կառուցում է իր տարածքում, որպեսզի ցույց տա այսպես կոչված ռեֆերենտային բլոկը, որն այնուհետև նմուշ է ծառայում երրորդ երկրներում կառուցվելիք կայանների համար։ Պարզապես այն պատճառով, որ արտադրող երկրի համար շատ ավելի հեշտ է ապահովել շինարարական և տեխնոլոգիական ստանդարտների պահպանումը։ Իսկ եթե միանգամից սկսում են դա անել երկրագնդի կամայական կետում, ապա ռիսկերն աճում են էքսպոնենցիալ կերպով։

Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը Հայաստանի մասին է՝ մի երկրի, որն իր հարևանների կողմից մեկուսացված է ծովից ու հաղորդակցության ուղիներից, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում, օրինակ՝ տարբեր ոչ գաբարիտային սարքավորումների մատակարարման հարցում»,-նշել է Alpha News-ի զրուցակիցը։

Ըստ Անպիլոգովի՝ մոդուլային ԱԷԿ-ների շինարարությունը կարող է ավելի շուտ խաղալ Հայաստանի դեմ՝ վերածվելով ֆիկցիայի, քան վնաս հասցնել տարածաշրջանում ռուսական էներգետիկ շահերին։

«Ուստի կարծում եմ, որ այստեղ ավելի շուտ կարելի է խոսել ոչ թե այն մասին, որ Ռուսաստանի շահերը որևէ կերպ ոտնահարված են, այլ այն մասին, որ Հայաստանը բավականին արկածախնդիր ընտրություն է կատարում՝ նկատի ունեմ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը։ Եվ որպեսզի սա պատմականորեն հերթական «ֆատա մորգանա» չդառնա, ինչպես այն ժամանակ, երբ Հայաստանը, 20-րդ դարի սկզբին սխալ խաղադրույք կատարելով, նույնպես հույսը դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, թե ԱՄՆ-ն կարող է լուծել անդրկովկասյան մի շարք հին ու նոր խնդիրները։

Դրանից ելնելով էլ ես կգործեի։ Բայց, ըստ ամենայնի, Հայաստանի ներկայիս ղեկավարությունն այս հարցում սեփական կարծիքն ունի։ Տեսնենք, թե որքանով է այն պատմականորեն արդարացված և որքանով կարող է այդ խաղադրույքն իրոք հուսալի լինել, թե՞ դա սոսկ հերթական պատրանքն է»,- եզրափակել է փորձագետը։